Նախարարը պարզաբանեց, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ երրորդ դեղաչափը |armenpress.am|
14:39 - 29 նոյեմբերի, 2021

Նախարարը պարզաբանեց, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ երրորդ դեղաչափը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարը պարզաբանեց, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ խթանիչ երրորդ դեղաչափը:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում:

«Վերապատվաստման համար` այսինքն խթանիչ դեղաչափը ստանալու համար մենք սահմանել ենք 6-ամսյա ժամկետ. քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է մոտենալ և ստանալ խթանիչ դեղաչափը՝ «բուսթերը»,-հիշեցրեց Ավանեսյանը:

Խթանիչ դեղաչափը նշանակում է ամբողջական պատվաստում ստացած քաղաքացու կողմից ստանալ երրորդ մեկ խթանիչ դեղաչափ: Նախարարի խոսքով՝ վերջերս ամփոփված հետազոտությունների արդյունքում արդյունավետության բարձր ցուցանիշ է գրանցվում այդ դեպքում:

Արդեն նախարարի հրամանով սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում ինչ խթանիչ է նախընտրելի կիրառել: «Այն քաղաքացիները, որոնք ստացել են ոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերը, դրանք են Moderna-ն, Pfizer-ը, ապա խթանիչը խորհուրդ է տրվում տվյալ տիպի պատվաստանյութով»,-ասաց Ավանեսյանը:

Հայաստանում արդեն իսկ կան երրորդ դեղաչափ ստացող քաղաքացիներ: «Մեզ համար շատ  կարևոր է, որ երրորդ՝ խթանիչ դեղաչափն առաջնակի կերպով ստանան ռիսկի խմբի ներկայացուցիչները՝ 65 տարեկանն անց քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները, բուժաշխատողները»,- ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել