Վանաձորում որևէ լարվածություն չկա․ օրենքի շրջանակներում օգտագործում ենք քարոզարշավի բոլոր ուղղությունները․ Արամ Խաչատրյան
17:45 - 29 նոյեմբերի, 2021

Վանաձորում որևէ լարվածություն չկա․ օրենքի շրջանակներում օգտագործում ենք քարոզարշավի բոլոր ուղղությունները․ Արամ Խաչատրյան

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռու ներկայիս մարզպետ, 7-րդ գումարման Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արամ Խաչատրյանը։

Վերջինս Infocom-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը ընթանում է բնականոն հունով. «Մենք օրենքի շրջանակներում օգտագործում ենք քարոզարշավի բոլոր ուղղությունները, Վանաձորում որևէ լարվածություն չկա,  քաղաքացիները ակտիվ մասնակցում են։ Համենայն դեպս, մեր բակային հանդիպումների ժամանակ հարցեր են բարձրացնում, նորմալ ընթանում է»։

Արամ Խաչատրյանը հերքեց լուրերը, ըստ որոնց՝ քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառում․ «Եթե ուշադիր լինեք մեր բակային հանդիպումներին, կտեսնեք, որ այնտեղ հարկադրաբար որևէ պաշտոնյա կամ ուսուցիչ կամ պետական աշխատող ներկայացված չէ։ Յուրաքանչյուր բակում 50-60-ից ավելի մարդիկ են ներկա, որևիցե աշխատակից` կլինի մարզպետարանից, կլինի այլ պետական հիմնարկներից, որևիցե ներկայացուցիչ չկա։ Կարող է 1-2 հոգի լինեն, բայց մարդիկ իրենց կամքով են գալիս և շատ ոգևորված են»։

Նա նաև նշեց, որ նախընտրական ծրագրում անդրադարձ կատարել են Վանաձորի՝ առաջնահերթ լուծում պահանջող բոլոր խնդիրներին․ «Նախընտրական ծրագրում բոլոր ոլորտներից ներկայացրել ենք և՛ ճանապարհաշինություն, և՛ տնակային ավաններ, և՛ բազմաբնակարան շենքեր, աղբահանություն, բոլոր ոլորտներից էլ ընդգրկված են»։

Խաչատրյանն ընդգծեց, որ տնակային ավանների խնդիրը լուծելու գործընթացն արդեն մեկնարկել է, Վանաձորի Տարոն 4 թաղամասում շենքեր են կառուցվելու, որպեսզի տնակներում ապրող մարդիկ տեղափոխվեն այնտեղ․ «Արդեն 16 ընտանիք Սանկտ Պետերբուրգ կոչվող թաղամասից պետք է տեղափոխվեն, և սա շարունակական բնույթ է կրելու։ Ինչ վերաբերում է երկրաշարժից տուժած քաղաքացիներին, բոլորը բնակարան ստացել են, միայն 1 ընտանիք կա, որ հիմա դատական վեճի մեջ է, մնացած բոլորը իրենց բնակարանները ստացել են, բայց Վանաձորում կան տնակային ավաններում ապրող ընտանիքներ, այդ հարցը մեր համար առաջնային է, ուշադրության կենտրոնում է»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ, ըստ իրենց նախագծի, առաջիկա 5 տարիների ընթացքում ամբողջությամբ կլուծվի տնակների հարցը։

Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։

Մարզպետը վստահեցրեց, որ նախընտրական ծրագրում հաշվի են առել Վանաձորին միացող 3 գյուղերի խնդիրները․ «Մեծ հաշվով տարբերություն գրեթե չկա այդ գյուղերի կամ մարզի մյուս գյուղերի կամ Վանաձորի միջև, գրեթե նույն խնդիրներն են։ Կա  աշխատատեղերի խնդիր։ Համայնքապետը ոչ թե աշխատատեղ ստեղծող է, այլ միջավայր պետք է ստեղծի, վստահություն ներշնչի ներդրողների մոտ, որպեսզի հետաքրքրություն առաջանա, գան, այստեղ ներդրումներ իրականացնեն»։

Իսկ թե ինչու է Խաչատրյանը, լինելով Լոռու մարզպետ, առաջադրվել Վանաձորի համայնքապետի պաշտոնում, մեր զրուցակիցն ասաց, որ դա քաղաքական որոշում է․ «Պաշտոնն իմ համար կարևոր չէ։ Ես գտնում եմ, որ մենք բոլորս պիտի կարողանանք հանրօգուտ աշխատանք իրականացնել, ամենքս մեր տեղում։ Ինչ վերաբերում է, թե ինչու Վանաձորի համայնքապետի թեկնածու, դա մեր քաղաքական թիմի որոշումն է, և ես անվերապահորեն պետք է կատարեմ այդ պարտականությունը։ Կուսակցությունը այդպես է որոշել, առաջարկել են և ես համաձայնել եմ»։

Խաչատրյանի խոսքով՝ իրենց քաղաքական թիմը 2018 թ․-ին հեղափոխությամբ բազմաթիվ արժեքներ են վերականգնել, որոնք, ըստ նրա, բացարձակ արժեքներ են․ «Խոսքի ազատությունն ենք վերականգնել, առհասարակ ազատությունը, մեր քաղաքացիների ընտրելու իրավունքն ենք վերականգնել, ազատ տեղաշարժվելու իրավունքն ենք վերականգնել, արդարությունն ենք վերականգնել մասամբ, որովհետև նաև այս ուղղությամբ էլ աշխատանքներ ունենք, չենք թալանել, ընտրություններ չենք կեղծել։ Այն արժեքները, որոնց մասին խոսեցի, բացարձակ արժեքներ են, որոնք պետք է պահել և պահպանել։ Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Վանաձորում, 2018-ից մինչև 2021 թ․-ը՝ շուրջ 2.5 միլիարդի։ Մենք կաշառքով տնօրեններ կամ այլ պաշտոններ չենք նշանակում, սա բոլորը գիտեն, տեսնում են, նույնիսկ սիրողական մակարդակով փողոցում սրճարանում, երբ խոսում են այդ հարցերի մասին, նորություն չէ, ահա թե ինչու պետք է ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։

Հավելենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն 45 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել․ 2-րդ համարը Վանաձորի համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Վանիկ Օհանյանն է։

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորելու է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրանտ Այվազյանն է, ով 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։

«Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։ 

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։

Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել