Եռյակ թշնամին իրականացնում է Սյունիքի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին հարակից տարածքների զավթման քաղաքականություն․ Ավետիսյան
16:52 - 27 նոյեմբերի, 2021

Եռյակ թշնամին իրականացնում է Սյունիքի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին հարակից տարածքների զավթման քաղաքականություն․ Ավետիսյան

Այսօր՝ Ազատության հրապարակում «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ընթացքում, ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ՀՀ տարածքի և ինքնիշխանության հաշվին տարածաշրջանի ճարտարապետությունը վերաձևելու իրենց ռազմավարությունը։

«Նախորդ օրը Սոչիում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը, դրա արդյունքներն արձնագրած հայտարարությունը ևս մեկ ապացույց էր, որ ՀՀ Արցախի մարզը միասնաբար զավթելուց ու բաժանելուց հետո Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ՀՀ տարածքի և ինքնիշխանության հաշվին տարածաշրջանի ճարտարապետությունը վերաձևելու իրենց ռազմավարությունը։ Ակնհայտ է, որ 44-օրյա պայմանավորված պատերազմի ու պլանավորված պարտության արդյունքներով ընդունված 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ արդյունքներով ընդամենը մի նոր ստատուս-քվո հաստատելու մասին չէ, այլ սկիզբ է դնում ՀՀ-ի լուծարման և հայկական գործոնի վերացման ռուս-թուրքական վաղեմի ծրագրի իրագործման վերջին փուլին։ Իինչպես մեկ դար առաջ, Նժդեհի առաջնորդությամբ փրկված Սյունիքն է կանգնած այդ ծրագրի ճանապարհին»։

Ավետիսյանը ասաց՝ եռյակ թշնամին որպես աջակից ունենալով իր կամակատար երևանյան ռեժիմին և մոսկվահպատակ քաղաքական դասին, իրականացնում է Սյունիքի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին հարակից տարածքների զավթման քաղաքականություն․ «Պետք է արձանագրենք, որ եռյակ թշնամու այս ծրագիրը դեռևս կյանքի չի կոչվել երկու պատճառով․ ԱՄՆ գլխավորությամբ հետզհետե աճման ընթացքով իրականացվող արևմուտքի ռազմավարական զսպման և հայ ժողովրդի քաղաքական դիմադրության։ Ի դեպ, այս 2 հանգամանքի շնորհիվ է, որ երեկ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունն ուներ լղոզված բովանդակություն։ Եվ, առհասարակ, արևմուտքի ճնշման և հայ ժողովրդի դիմադրության շնորհիվ է, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից առ այսօր դեռևս չի կնքվել Կարսի ու Ալեքսանդրապոլի խառնուրդ-պայմանագիրը, որ տապանաքար կլիներ հայոց պետականության գերեզմանին»։

Նա հիշեցրեց, որ ադրբեջանական զորքերը մեծ ուժերով կուտակված են Սյունիքի երկու կողմերում, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում՝ վտանգված գոտու բնակիչներին զինելու համար․ «Արևելյան կողմից շփման գծի ամբողջ երկայնքով պատրաստ են ներխուժելու, զավթելու և Սյունիքը կտրելու, մեր հայրենակիցներին ցեղասպանելու և բռնագաղթի ենթարկելու։ Սպառնալիքն իրական է և վերահաս։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունն, ըստ էության, մատը մատին չի տալիս խիստ հավանական այս աղետը կանխելու համար՝ փաստացի գործելով ի նպաստ թշնամու ծրագրի։ Նա ձախողում է զինված ուժերի միջոցով պաշտպանության ապահովումը, ինչպես նաև հրաժարվում է կազմակերպել, զինելու պատրաստել առնվազն Սյունիքի և մյուս վտանգված գոտու բնակչությանը»։

Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել Պաշտպանության նախարարության առաջ՝ պահանջելով զինել սահմանամերձ շրջաններում ապրող բնակիչներին, սակայն, նրա խոսքով, մինչ այժմ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել․ «Սյունիքի և մյուս վտանգված գոտու բնակչության կոտորածը կանխելու և թշնամու ներխուժումները խափանելու միակ ճանապարհը երկրի ներքին ուժերի ամբողջ ներքին ռեզերվի վերադասավորումն ու մոբիլիզացիան է, ինչը ենթադրում է հրաժարվել բոլոր երկրորդային ծախսերից, որի աղաղակող օրինակն է Ալեն Սիմոնյանի մանկական երազանքի իրականացման համար թանկարժեք ծառայողական մեքենայի գնումը, և բոլոր միջոցներն ուղղել պաշտպանական համակարգի հզորացմանն ու ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմանը»։

Նրա խոսքով՝ անհեթեթ են բոլոր մտայնությունները, թե առանց պետական կառավարման համակարգի հնարավոր կլինի կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանությունը։

Ավետիսյանը ելույթի ավարտին վերահաստատեց ԱԺԲ-ի պահանջները վտանգված գոտու բնակիչներին զինելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու վերաբերյալ։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել