Հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել է․ նա կալանավորվել է․ ՔԿ
13:16 - 27 նոյեմբերի, 2021

Հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել է․ նա կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը երեք-չորս տղամարդկանց հետ միասին մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրավապահներն այցելել էին Սպարտակ Ղուկասյանի բնակության հասցե, սակայն վերջինս նախ հրաժարվել էր տան դուռը բացել, իսկ ժամեր անց զանգահարել էր ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Ս.Ղուկասյանը հայտնաբերվել էր, և նրան մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Վարույթն իրականացնող մարմինը դեռևս 2021թ. օգոստոսի 20-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ս.Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը մերժվել էր: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021թ. սեպտեմբերի 15-ին բավարարել էր Ս.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված բողոքը:

Հաշվի առնելով, որ Ս.Ղուկասյանը պատշաճ կարգով ծանուցվել և հրավիրվել էր նախաքննական մարմին, սակայն վերջինս չէր ներկայացել, տեղյակ չէր պահել՝ չներկայանալու պատճառների մասին և գտնվելու վայրն անհայտ է, նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2021թ. նոյեմբերի 27-ին հետախուզվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Ղուկասյանը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել