Ի շահ Վանաձորի և վանաձորցու՝ պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուր պետական կառույցի հետ․ Վահե Դոխոյան
15:23 - 25 նոյեմբերի, 2021

Ի շահ Վանաձորի և վանաձորցու՝ պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուր պետական կառույցի հետ․ Վահե Դոխոյան

Վանաձորում դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։

«Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայրենիք» զարգացման հիմադրամի Լոռու մարզային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանը։

Վերջինս Infocom-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավն ընթանում է հանդարտ և հավասարակշռված․ «Ինչպես և մնացած բոլորը, մենք ակնկալում ենք, որ քաղաքապետը լինելու է մեր թիմից»։

Անդրադառնալով Վանաձորի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին՝ Դոխոյանը նշեց՝ հաշվարկել են, որ համայնքի բյուջեն տարեկան կազմում է 2.5 միլիոն դոլար, իսկ այդ բյուջեով, նրա խոսքով, դժվար կլինի շոշափելի արդյունքների հասնել։ Այդ իսկ պատճառով փորձելու են ներդրումների միջոցով տարբեր ծրագրեր իրականացնել։ Այս պահին, ըստ Դոխոյանի, 4 այսպիսի ծրագիր ունեն, ներդրողների հետ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերել․ «Մենք Թթուջուր տարածքից մինչև Մայմեխ սարի ստորոտ կառուցելու ենք ճոպանուղի, որը մոտ 2.5 միլիոն դոլարանոց ծրագիր է։ Տնակային ավանի հետ կապված ունենք մեր լուծման տարբերակը․ բանակցել ենք մեկ ներդրողի հետ, որը կառուցելու է 2 բազմաբնակարան շենք, տեղափոխելու ենք 330 ընտանիքների այդ շենք, իսկ այդ տնակային ավանը, որը տեղակայված է վանաձորցիներին հայտնի «Նաբերեժնի» հատվածում, այդտեղ ներդրողը կառուցելու է ատրակցիոններ, տուրիստական տարբեր ինֆրաստրուկտուրաներ։ Մենք ոչ թե ուղիղ բարտեր ենք անում մեր առաջարկը, այսինքն՝ տալիս ենք իրենց տարածք, որպեսզի բիզնես դնեն, դրա փոխարեն երկու շենք կառուցեն այդտեղ, այլ  կարևորն այն է, որ այդ մարդը մեզ է վստահում ու Վանաձորում այդ ծրագիրն իրականացնում է»։

Հաջորդ ծրագրով, համայնքապետի թեկնածուի խոսքով, նախատեսվում է Լոռու մարզում առողջության վերականգնման կենտրոն կառուցել․ «Օգտագործելու ենք մանկատան նախկին շենքը։ Մենք ֆրանսիական երկու ընկերության հետ ունենք պայմանավորվածություն, որ տրամադրելու են սարքավորումներ, բուժսարքավորումներ, մահճակալներ, և անհրաժեշտ մյուս սարքավորումները, որպեսզի կառուցենք առողջության վերականգնողական կենտրոն։ Ունենք «Ոչ մի բակ՝ առանց խաղահրապարակի» ծրագիր, սա էլ մի քանի փուլով ենք անելու։ Նախ անելու ենք խոշոր թաղամասերում, այնուհետև գուցե յուրաքանչյուր թաղամասում էլ կկառուցենք։ Մենք փորձ ունենք, արդեն 2 խաղահրապարակ կառուցել ենք Վանաձորում։ Նույն ներդրողը շատ ոգևորվել է, և պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել այս ծրագիրը»։

Նա նաև վստահեցրեց, որ մանրամասնորեն ուսումնասիրել են Վանաձորի բոլոր խնդիրները՝ ըստ թաղամասերի․ «Անգիր գիտենք՝ որ շենքում կա վերելակի խնդիր, որ շենքում կա կոյուղու խնդիր, տանիքների խնդիր, այսինքն՝ բնակֆոնդի պահպանման խնդիր ունենք լուծելու։ Սա էլ, կարծում եմ, հետագայի հարց է, որ աստիճանաբար պետք է լուծենք։ Չենք ուզում փուչ խոստումներ տալ, որ գալու ենք առաջիկա մեկ տարում ամեն ինչ անենք,  բայց գիտենք խնդիրների մասին և կարծում եմ՝ երբ մարդիկ կտեսնեն, որ այս 4 ծրագրերը, որոնց մասին խոսեցի, ստացվում են, կհայտնվեն նաև նոր ներդրողներ, նաև պետական միջոցներով կլուծենք քաղաքի խնդիրները»։

Հարցին՝ արդյոք կիրակակացնե՞ն ներդրումային 4 ծրագրերը, եթե ավագանիում մեծամասնություն չունենան, Դոխոյանն ասաց, որ որոշ ծրագրեր իրականացնելու համար  իրենց պետք է ունենալ քաղաքային իշխանություն, սակայն որոշ ծրագրեր էլ իրականացնելու են՝ անկախ ընտրությունների արդյունքներից։

Համայնքապետի թեկնածուն նաև ասաց, որ պատրաստ են ի շահ Վանաձորի համագործակցել յուրաքանչյուր իշխանության հետ․ «Մենք պատրաստվում ենք ՏԻՄ ընտրություններին, ավագանին գործելու է 5 տարի, 5 տարվա ընթացքում Հայաստանում կարող է փոխվել իշխանություն, կարող է փոխվել մի քանի անգամ։ Իմ համար ու իմ թիմի համար ամենակարևորը Վանաձորի ու վանաձորցու շահն է, և այս իմաստով մենք, իհարկե, պատրաստ ենք համագործակցել ցանկացած պետական կառույցի հետ, որը կծառայի ի շահ Վանաձորի և վանաձորցու»։

Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և այժմ խոշորացման փուլում է․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։

Դոխոյանը վստահեցրեց՝ ծանոթ են Վանաձորին միացող 3 գյուղերի խնդրիներին, և նպատակ ունեն այդ գյուղերում զարկ տալ գյուղատնտեսությանը․ «Այս 3 համայնքները Վանաձորի հետ միշտ սերտ կապվածություն են ունեցել, կարելի է ասել, որ համարվել են Վանաձորին կից շատ մեծ թաղամասեր։ Այստեղ համադրումը պետք է շատ նուրբ տանենք ու զարկ տանք գյուղատնտեսությանը, բայց գյուղատնտեսության այն պահանջները բավարարենք, որոնք ունի այսօրվա զարգացող աշխարհը, և նաև կարողանանք ինտեգրել քաղաքային համայնքին»։

Դոխոյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է զարգացնել նաև ագրոտուրիզմը․  «Այսօր զբոսաշրջիկներին չեն հետաքրրքում ճոխ հյուրանոցները, այլ ավելի շատ հետաքրքրում է, որ մոտ լինեն բնությանը, բնական արտադրանքին։ Մենք ունենք փայլուն հնարավորություն՝ հաշվի առնելով նաև Լոռու մարզի հարուստ բնությունը, կարծում եմ՝ մեր մոտ դա ևս կստացվի»։

Նրա խոսքով՝ իրենց թիմը երիտասարդ է, նեղ քաղաքականացված չէ, թիմում կան ոլորտային մասնագետներ՝ բժիշկներ, երիտադարության, սպորտի, մշակույթի, բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք կարող են օգնել՝ ծրագրերը իրականացնելու հարցում։ 

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցում է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը մասնակցում է ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորում է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Հրանտ Այվազյանը, որը 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։

«Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է  Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։ 

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։

 

Լուսանկարը՝ Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան էջից 

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել