Վանաձորում առաջնային են սոցիալ-տնտեսական խնդիրները․ դրանք հնարավոր է լուծել աշխատատեղերի միջոցով․ Անդրանիկ Ղուկասյան
15:24 - 24 նոյեմբերի, 2021

Վանաձորում առաջնային են սոցիալ-տնտեսական խնդիրները․ դրանք հնարավոր է լուծել աշխատատեղերի միջոցով․ Անդրանիկ Ղուկասյան

Վանաձոր համայնքում այս տարվա դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Վերջինս Infocom-ի հետ զրույցում ասաց, որ ակտիվ քարոզարշավ են անցկացնում․ «Բուկլետներ ու թերթ ենք լույս ընծայել, համապատասխան տեղերում անցկացնում ենք  հանդիպումներ։ Մենք մեր քարոզչությունն ենք անում, ու տեսնենք, թե ընտրություններին համապատասխան արդյունքները ինչպիսին կլինեն»։

Համայնքապետի թեկնածուի խոսքով՝ Վանաձորում մի շարք կենցաղային խնդիրներ կան, սակայն հանդիպումների ժամանակ բնակիչները հիմնականում բարձրացնում են սոցիալ-տնտեսական վիճակի հարցը, և համայնքապետի թեկնածուն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն է համարում իրենց առաջնահերթությունը․ «Որպես գաղափարական կուսակցություն, որը դեմ է այս հասարակարգին, մեր առաջնահերթ խնդիրը նաև ժողովրդի կողմից առաջարկված սոցիալ-տնտեսական վիճակն է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Կիրովականում։ Ժողովուրդը հիասթափված է․ հիասթափված է նաև իշխանություններից, որովհետև ոչ մի սոցիալ-տնտեսական հարց չի լուծվում այսօր՝ հատկապես թոշակառուների հետ կապված։ Նրանք բողոքում են, որ ցածր է թոշակը ու չի բարձրացվում, որպեսզի թոշակառուները կարողանան իրենց մինիմալ պահանջները հոգալ։ Նաև առաջնահերթ խնդիր է բազմաբնակարան շենքերի տանիքների հարցը, աղբահանության հարցը, տրանսպորտի աշխատանքի հարցը։ Բայց մեր խնդիրը այն է, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է շատ ծանր»։

Սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, Ղուկասյանի պատկերացմամբ, կարող է լուծվել աշխատատեղերի միջոցով․ «Եթե աշխատատեղ է լինում, նշանակում է՝ մարդու սոցիալ-տնտեսական վիճակը լավանում է։ Մենք Կոմունիստական կուսակցության ռուս գործընկերների հետ ծրագիր ունենք։ Եթե հաջողվի, որ մեր քաղաքապետի թեկնածուն ընտրվի, կաշխատենք նաև համապատասխան կոմունիստ նահանգապետերի՝ գուբերնատորների հետ, փորձի փոխանակում լինի։ Միգուցե նրանց հետ ինչ-որ մի ձևով այնպես անենք, որ աշխատատեղեր բացվեն, արդյունաբերական կլինեն, ֆաբրիկաներ կլինեն, բայց համապատասխան ձևով նաև օգտակար կլինենք, թե չէ անընդհատ խոսում են ներդրումների մասին, ու այս ժողովուրդը չտեսավ ոչ մի ներդրում։ Ներդրումը միայն իշխանության համար է, ներդրումները ցանկացած իշխանություն իր համար է ապահովում, որպեսզի պարգևավճարներ տան իրենց, ինչ-ինչ ձևերով իրենց աշխատավարձերը բարձրացնեն, բայց ոչ մեկը չի մտածում, թե հասարակ ժողովուրդը ինչպես է ապրելու իր 30-40 հազար թոշակով»,- ասաց նա՝ հավելելով, որ Կոմունիստական կուսակցության ռուս գործընկերների հետ արդեն ունեն որոշակի պայմանավորվածություններ։ 

Նա նաև նշեց՝ Հայաստանում և Վանաձորում հասարակարգի փոփոխություն պետք է լինի․ «Կապիտալիստական սիստեմը անընդունելի է և 30 տարի բերել է նրան, որ այսօր այս վիճակն է, սոցիալական վիճակը շատ վատ է նաև Կիրովականում»։

Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։

Ղուկասյանը նշեց, որ սխալ է համարում համայնքի խոշորացումը՝ ընդգծելով, որ այդպիսով Վանաձորում առկա խնդիրներին միանալու են Վանաձորին միացող 3 գյուղերի խնդիրները․  «Պետք է խոշորացվի այն ժամանակ, երբ այդ քաղաքի սոցիալական վիճակը նորմալ է, այսօր Կիրովականը բազում խնդիրներ ունի, և դրանց գումարվում են Դարպասի, Շահումյանի, Գուգարքի խնդիրները։ Հարկավոր էր լուծել խնդիրները, նոր հետո միացնել, չնայած՝ ես համոզված եմ, որ միացումը ոչ թե ինչ-որ սոցիալ-տնտեսական հարց է, այլ զուտ քաղաքական, չեմ ուզում փակագծերը բացել, այստեղ կա համապատասխան տոկոսներ ստանալու խնդիր, իրենց թվում է, որ իշխանություններից կարող են համապատասխան տոկոսներ ստանալ, բայց չգիտեն, որ մենք հանդիպումներ ենք ունեցել գյուղերում, այնտեղ ավելի բարդ է իրավիճակը, քան քաղաքում»։

Անդրանիկ Ղուկասյանը վստահեցրեց՝ ընտրվելու պարագայում բարձրաձայնելու են ժողովրդին հուզող բոլոր հարցերը․ «Ովքեր ընտրվում են, պարտավոր են այդ հարցերը բարձրացնել, ուրիշ հարց է, թե իշխանությունները կլսեն, թե չեն լսի։ Եթե հաջողվի առավելագույն տոկոս հավաքել և կուսակցությունը ունենա իր քաղաքապետի թեկնածուն, այդ ժամանակ մեր պահանջները իշխանություններին ավելի մեծ կլինեն և մենք կկարողանանք այդ հարցերը բարձրացնել ամենաբարձր մակարդակներում։ Ժողովրդի շրջանում շատ մեծ ոգևորություն կա Կոմունիստական կուսակցության հանդեպ, որովհետև իրենք էլ են ասում՝ տեսել ենք, որ իշխանությունները փոխվել են, բայց ոչ մի առաջընթաց ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակում չի եղել»։

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցում է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը մասնակցում է ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորում է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Հրանտ Այվազյանը, որը 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։

«Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է  Էդգար Բոջուկյանը, որը չի աշխատում։ 

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

 

Լուսանկարը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջից

 

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել