Թուրքիայում պահանջում են կառավարության հրաժարականը թուրքական լիրայի արժեզրկման պատճառով
10:57 - 24 նոյեմբերի, 2021

Թուրքիայում պահանջում են կառավարության հրաժարականը թուրքական լիրայի արժեզրկման պատճառով

Նոյեմբերի 23-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև Ստամբուլում ու մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել թուրքական լիրայի պատմական անկման պատճառով։ Այս մասին հայտնում է Duvar-ը։

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում են կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հրաժարականը: «ԱԶԿ հեռացե՛ք, այս երկիրը մերն է», «ԱԶԿ-ն՝ դեպի գերեզման, ժողովուրդը՝ իշխանության»․ նման վանկարկումներ էին անում ցուցարարները։ Ակցիային միացել են նաև շատ ուսանողներ։

Ստամբուլի թաղամասերից մեկում ոստիկանները կանխել են մի խմբի երթ։ Ոստիկանական բարիկադներ են տեղադրվել Թաքսիմ հրապարակում։

Թվիթերում օրվա ընթացքում ավելի քան 263,000 թվիթ է տարածվել, որտեղ օգտատերերը կոչ են անում կառավարությանը հրաժարական տալ տնտեսական ճգնաժամի ֆոնին: Հակառակ կողմում ավելի քան 300,000 թվիթ են տարածել ԱԶԿ-ի կողմնակիցները, որոնք գրում են. «Ես կանգնած եմ իմ պետության կողքին»:

Նոյեմբերի 23-ին թուրքական լիրան արժեզրկվել է 15%-ով․ սա լիրայի պատմության երկրորդ վատթարագույն օրն է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է հանդես եկել տոկոսադրույքների վերջին կտրուկ նվազումներին և խոստացել հաղթել իր՝ «անկախության համար տնտեսական պատերազմում»՝ չնայած մեծածավալ քննադատություններին։

Լիրայի արժեքը մեկ դոլարի դիմաց 13,45 է։ Այն այս տարի կորցրել է իր արժեքի 45%-ը՝ նախորդ շաբաթվա սկզբից գրանցելով գրեթե 26% անկում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել