Վանաձորում առաջնային լուծում են պահանջում տարրական կենցաղային խնդիրները, որոնք կապված են քաղաքի առօրյայի հետ․ Արտավազդ Ալավերդյան
18:08 - 24 նոյեմբերի, 2021

Վանաձորում առաջնային լուծում են պահանջում տարրական կենցաղային խնդիրները, որոնք կապված են քաղաքի առօրյայի հետ․ Արտավազդ Ալավերդյան

Վանաձոր համայնքում այս տարվա դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։

«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտավազդ Ալավերդյանը։ Նրա դիտարկմամբ՝ Վանաձորում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները հիմնականում կենցաղային բնույթի են․ «Տարրական կենցաղային խնդիրները դարձել են առաջնային։ Կցանկանայի, որ մեր խնդիրները լինեին զարգացմանը միտված պրոյեկտներ, որոնք պետք է իրականացնենք, բայց այսօր հրատապ են բոլոր տարրական կենցաղային խնդիրները՝ կապված քաղաքի առօրյայի հետ՝ աղբահանություն, ճանապարհներ, փողոցային առևտուր, տնակային ավաններ։ Չեմ կարող ինչ-որ հերթականություն դնել՝ ասելով, որ այս խնդիրը առաջինն է, մյուսը ընկնում է հետ»։

Համայնքապետի թեկնածուն վստահեցնում է, որ տնակային ավանների խնդրին լավ ծանոթ են, պատկերացնում են խնդրի լուծումը, սակայն այս պահին չեն ցանկանում մանրամասներ հրապարակել իրենց պատկերացրած լուծման վերաբերյալ․ «Ունենք հստակ ծրագիր, որը բացարձակապես չի նմանվում նախկին 30 տարիների ընթացքում տրված խոստումներին կամ մոտեցմանը։ Այն հողը, որի վրա դրված են այդ տնակները, և որոնք քաղաքային ֆոնդին են պատկանում, ոչ մեկը չի կարողանալու օտարել՝ առաջնայնությունը չտալով մարդկանց, որոնք 30 տարի այնտեղ են բնակվում։ Մարդիկ մի օր չեն քնելու, արթնանան ու տեսնեն, որ այդ հողը մի գործարարի են տվել, որն այդտեղ բիզնես կամ ինչ-որ պահեստներ է հիմնում»։

Նրա խոսքով՝ տնակներում ապրում են մարդիկ, որոնք տարբեր հանգամանքների բերումով են հայտնվել այնտեղ, ուստի այս հարցում տարբեր մոտեցումներ են ցուցաբերելու․ «Կան մարդիկ, որոնց դեպքում պետության կողմից օրենքով և բարոյապես կացարանի հարց լուծելը մի քիչ խնդրահարույց է, որովհետև մարդկանց տուն տվել են շատ վաղուց, տասնյակ տարիներ առաջ․ երկրաշարժի պատճառով այդ մարդիկ տնից զրկված են եղել, մարդկանց տունը տվել են, մարդիկ այդ տունը վաճառել են, նորից եկել են տնակում են ապրում, ասում են՝ մի հատ էլ տվեք։ Մենք ունենք տնակներում ապրող մարդկանց սեգմենտներ, դրանք բազմաթիվ են: Մյուս խումբը առհասարակ Վանաձոր եկել է 15-20 տարի առաջ, գնել է այդ տնակը, և այդտեղ է բնակվում։ Նրանք նույնպես մեր համաքաղաքացիներն են, սրան ուրիշ մոտեցում է լինելու։ Մարդիկ տուն ունենալու են, բայց թե ինչպես, ես դա չեմ բարձրաձայնելու, որովհետև երբ որոշակի կետերի լուծումները արտահայտում ենք, մարդկանց ծրագրերում դա կրկնվում է՝ մինչ այդ չլինելով»։

Աղբահանության խնդրի լուծման վերաբերյալ էլ Ալավերդյանն անիրատեսական է համարում քաղաքական մրցակիցների՝ աղբի վերամշակման գործարան կառուցելու վերաբերյալ ծրագրերը․ «Կարծում եմ՝ մարդիկ լավ չեն պատկերացնում, որ այսօր նման բան շրջանառելը մի քիչ իրատեսական չի։ Եթե 5 տարվա ընթացքում թե՛ կառավարություն, թե՛ քաղաքային իշխանությունը՝ մարզպետի գլխավորությամբ, այդ խնդրին առնչվում են ամեն օր ու նույնիսկ մեկ աղբարկղ չեն փոխել, մեկ աղբատար մեքենա ձեռք չեն բերել, ինչպե՞ս են խոսում նույն բյուջեի սահմաններում աղբի վերամշակման գործարան ստեղծելու մասին։ Մենք պատկերացնում ենք հակառակ ձևով․ մեր քաղաքում մի քանի ընկերություններ են իրականացնում աղբահանությունը։ Հսկայական գումարը, որ բյուջեից տրվում է այդ գործառույթը կատարելու համար, փոշիացվում է։ Չեմ ցանկանա բարեխղճության մասով ինչ-որ բաներ խոսել,  դա, իհարկե, քննարկման թեմա է, բայց այդ ամբողջ բյուջեն  բաժանվում է 5 կամ 4 մասի, ամենքի մասնաբաժինը լինում է 25%, որը բավականին քիչ է, որպեսզի մարդը կարողանա ձեռք բերել նոր մեքենա»։

Մեր զրուցակիցը հավելում է, որ իրավիճակն այլ կլինի, եթե մի քանի ընկերության փոխարեն աղբահանությունը կատարի մեկ խոշոր ընկերություն․ «Եթե գործ ունենանք խոշոր և կարող ընկերության հետ, այդ ժամանակ շահույթը ավելի մեծ է լինելու (իհարկե, տույժ տուգանքների մասին չենք մոռանալու, որովհետև եթե 2-րդ, 3-րդ անգամ քաղաքացին բողոք ունեցավ ու այդ հարցը շատ արագ չշտկվեց, այդ մարդը ունենալու է ֆինանսական լուրջ խնդիրներ) և տրամաբանորեն իմաստ է ունենալու ներդրում կատարել աղբահանության հետ կապված տեխնիկական հարցերի մեջ, որը բերելու է նման ընկերության կապիտալի մեծացմանը։ Իսկ հիմա, կոպիտ ասած, իրար մեջ «փայ-փայ» են արել, ո՞ւմ է հետաքրքրում, թե արդյունքում ինչ ենք ստանալու»։  

Վանաձորը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Վանաձոր քաղաքին են միանում նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը։

Ալավերդյանը նշում է, որ ուսումնասիրել են Վանաձորին միացող գյուղերի խնդիրները․ «Խնդիրները կապված են թեկուզև տրանսպորտի հետ, որքանով մենք շփվել ենք, մարդիկ դեմ էին խոշորացմանը, իրենց ոչ ոք չի հարցրել։ Գյուղական համայնքի հողերը, ֆոնդերը տարբեր կատեգորիաներ ունեն ու ունեն խոտհարքի կատեգորիա։ Մեկը խոտհարք է, մեկը արոտավայր է, հիմա մտնելու է քաղաքի մեջ, ինչպե՞ս է լինելու, գյուղացիների համար դա մեծ հարց է։ Իրենք գյուղի բնակիչ են ու ուզում են գյուղում բնակվել, մարդիկ իրենց հացը վաստակում են գյուղական աշխատանքի միջոցով ու վատ էլ չեն ապրում»։  

Նա ընդգծում է, որ իրենք նոր են դարձել քաղաքական թիմ. թիմի անդամների ճնշող մեծամասնությունը քաղաքականությամբ չի զբաղվել, բայց իրենց ոլորտներում կայացած մարդիկ են․ «Մենք ոչ մի ձևաչափով, ոչ մի տիպի կապերով կաշկանդված չենք, և դա ապացուցում է մեր քարոզարշավը և քարոզարշավի ոճը, և ամենակարևորը՝ մենք անկեղծ ենք»։

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցելու՝  9 կուսակցություն և 1 դաշինք։

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ ՀՀ էլեկտրական ցանցերի Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանի գլխավորությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ․ վերջինս չի աշխատում։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորելու է Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի «Դիետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրանտ Այվազյանն է, ով 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, հիմա դասախոսում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։

«Հայրենիք» կուսակցությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Վահե Դոխոյանի գլխավորությամբ, որը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Լոռու մարզային  գրասենյակի ղեկավարն է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է Էդգար Բոջուկյանը, ով չի աշխատում։ 

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին մասնակցելու է  «Մամիկոն Ասլանյան» դաշինքով․ նա այժմ չի աշխատում։  Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել