Տարեսկզբից մինչեւ հոկտեմբերի 20-ը ՀՀ ոստիկանությունը դիմակ չդնելու համար 1462 արձանագություն է կազմել
12:46 - 25 նոյեմբերի, 2021

Տարեսկզբից մինչեւ հոկտեմբերի 20-ը ՀՀ ոստիկանությունը դիմակ չդնելու համար 1462 արձանագություն է կազմել

Այս ամսվա սկզբից՝ նոյեմբերի 1-ից, դիմակ դնելը դարձյալ պարտադիր է ոչ միայն փակ, այլ նաեւ բաց տարածքներում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության։ Բացառություններ, իհարկե, կան, դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։

Զուգահեռաբար իրար կողքի պտտվում են քննադատությունները, թե դիմակ չդնելու տուգանքներն անտրամաբանական են, մյուս կողմից էլ, որ ոստիկանները պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները՝ անտեսելով իրենց կողքին շրջող անդիմակ մարդկանց։

2021թ. հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու համար ՀՀ ոստիկանությունն ընդամենը 1462 արձանագություն է կազմել։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գերատեսչությունից։ Այդ 1462 արձանագրություններից տուգանքի դեռեւս 696 որոշում է կայացվել։ Արձանագրություններից միայն 13-ն է չեղարկվել։

2021թ. հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու համար տուգանված միայն 12 քաղաքացի է վճարել տուգանքը։ Իսկ ահա տուգանքի 696 որոշումներով ՀՀ ոստիկանություն ներկայացվել է միայն 2 վարչական բողոք, որոնք, ինչպես մեր հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանությունից, դեռեւս ընթացքի մեջ են:

Հավելենք, որ բաց տարածքներում դիմակ դնելն այս տարվա հունիսից պարտադիր չէր, սակայն կարգը խստացվեց նոյեմբերից՝ պայմանավորված համավարակի տարածման տեմպերով։

Հայարփի Բաղդասարյան

Գլխավոր լուսանկարը՝ cottonbro-ի, Pexels հարթակից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել