Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները գնալով ավելանում են․Արմեն Պապիկյան
20:20 - 19 նոյեմբերի, 2021

Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները գնալով ավելանում են․Արմեն Պապիկյան

Նոյեմբերի 18-ին, Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների զեկույցին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Դեսպան Պապիկյանը, ողջունելով հյուրերին, վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափի: Առավելապես կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի և տարածաշրջան այցերի վերականգնումը:

Դեսպանն այլ հարցերի շարքում նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները և դրանց հաճախականությունը գնալով ավելանում են՝ խոչընդոտելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը: Դեսպանը հիշեցրել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործությունների մասին։

Դեսպան Պապիկյանը նկատել է, որ Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականության հանդեպ միջազգային հանրության կրավորական կեցվածքով է նաև պայմանավորված նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը, որի արդյունքում կան զոհեր, անհետ կորածներ և գերեվարվածներ։

Դեսպանն ավելացրել է, որ ցավոք սրտի, ուժի կիրառման և դրա սպառնալիքի նման բացահայտ դրսևորումը դառնում է Ադրբեջանի վարած քաղաքականության հիմնական հատկանիշներից մեկը, և պետք է կասկած չթողնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ-ի և նրա մասնակից պետությունների մոտ, ով է հանդիսանում ագրեսորը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել