Ակնկալվում է 5 հազարից ավելի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում. Դումանյանն՝ ատեստավորման ծրագրի մասին |armenpress.am|
15:16 - 18 նոյեմբերի, 2021

Ակնկալվում է 5 հազարից ավելի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում. Դումանյանն՝ ատեստավորման ծրագրի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում 77 մլն դրամ հատկացրեց ատեստավորված ուսուցիչներին հավելավճար տրամադրելու համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ամփոփել են ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումները վերաբաշխել ըստ մարզերի, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար:

«2021-ի սեպտեմբերին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում  7-12 դասարանների համար՝ մի շարք առարկաների գծով: Հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից ատեստավորմանը մասնակցել է 996-ը, որից 478-ը հաղթահարել է 70 միավորի շեմը: Նրանք կստանան 30-50 տոկոս հավելավճար: Գումարը հաշվարկել ենք 10 տոկոս շեղումով 515 ուսուցչի համար, քանի որ առկա են եղել բողոքարկումներ: Գործընթացի համար հատկացվում է 77 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Վահան Դումանյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում հաջորդ տարի գործընթացը ևս կազմակերպելու համար: Ատեստավորմանը կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչները բոլոր առարկաներից: Ակնկալվում է, որ ավելի քան 5 հազար ուսուցիչ հաջորդ տարի կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված է 1.3 մլրդ դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կառավարության խոստումներից է, որն իրականություն է դառնում:

«Մենք ասել էինք, որ հոկտեմբերից  կամավոր ատեստավորում անցած ու անհրաժեշտ շեմը հաղթահարած ուսուցիչները կստանան 30-50 տոկոս աշխատավարձի հավելում: Այս որոշմամբ մենք գործնականում իրականացնում ենք այդ խոստումը: Ատեստավորում անցած ուսուցիչները հոկտեմբերի, նոյեմբերի, դեկտեմբերի համար կստանան բարձրացված աշխատավարձ: 2020 թվականին արդեն բյուջեով նախատեսված են անհրաժեշտ գումարները»,-ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել