ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը
11:45 - 18 նոյեմբերի, 2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների վիճակը

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ ինչ իրավիճակ է Սյունիքում այլընտրանքային ճանապարհների աշխատանքների մասով։ Նախարարը ներկայացրեց, որ Սյունիքի այն ճանապարհները, որոնց մասին պարբերաբախ խոսվում է, փաստացի յոթն են։ Դրանցից Տաթեւ-Աղվանին համարում են ավարտված․

«Տաթեւ-Աղվանին բավական ժամանակ է՝ երթեւեկելի է, նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված, գարնանը երրորդը կտեղադրվի։ Մյուս վեց հատվածներում հիմա ընթացիկ աշխատանքներ կան։ Այդ վեցից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է, դրա մի մասը՝ մոտ 3,5-4 կմ արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, դրա մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, անտառի հատված կա, որտեղով ճանապարհն անցնում է, այնտեղ նույնպես աշխատանքները շարունակվում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի․ մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխն է, որը, Սանոսյանի պնդմամբ, գործում է, նորմալ երթեւեկելի է, մյուսը Շուռնուխ-Բարձրավան եւ նշած՝ կառուցվող ճանապարհը, որը, նախարարի խոսքով, անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար․

«Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5-ն ամբողջովին պատրաստ է, այսինքն՝ հիմքը պատրաստ է, ոչ թե ասֆալտապատ, մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Մյուս հատվածն ունենք Կապան-Ճակատեն եւ Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածը։ Օրեր առաջ սկսվել էին Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները, մի քանի օրվա ընթացքում կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի։ Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ եւ ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելու համար։ Շարունակվում է Տաթեւ-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները, այս պահին մոտ 6,5 կմ աշխատանք է իրականացվել, երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են, ինչն ավելի է հեշտացնում աշխատանքի արագ կազմակերպումը»,- ներկայացրեց նախարարը։

Փաշինյանը ճշտեց՝ մենք արձանագրո՞ւմ ենք, որ չկա բնակավայր, որն ընդհանրապես կտրված լինի կամ շրջափակման մեջ լինի։ Սանոսյանը հաստատեց, որ չկա․ «Այո, չկա, եւ Որոտանը, եւ Շուռնուխը, եւ Բարձրավանը, բոլորը ճանապարհներ ունեն։ Մեր գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որն առաջիկա օրերին, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնա»։

Փաշինյանն ասաց, որ այդ գյուղերը նաեւ դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն, այսինքն՝ կենսապահովման խնդիր չկա, ուղղակի խոսքը ենթակառուցվածքի հարմարության մասին է։ Նախարարը վստահեցրեց, որ համայնքների հետ աշխատում են, կարիքների գնահատում են անում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել