Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային պայմանները կարգավորված չեն․ քննարկում՝ գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի անվտանգության թեմայով
18:00 - 17 նոյեմբերի, 2021

Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային պայմանները կարգավորված չեն․ քննարկում՝ գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի անվտանգության թեմայով

Նոյեմբերի 15-ին ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը՝ «Solidarity center»-ի աջակցությամբ կազմակերպել էր կլորսեղան քննարկում՝ «Աշխատանքի անվտանգությունը գյուղատնտեսության ոլորտում» թեմայով։

Քննարման սկզբում արհմիության փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային պայմանները բավականին չկարգավորված են հենց աշխատանքային օրենսդրության առումով․ «Աշխատանքային պայմանները բնութագրվում են չնորմավորված գրաֆիկով, չձևակերպված աշխատանքային հարաբերություններով։ Գյուղատնտեսության ոլորտը կյանքի, առողջության համար վտանգավոր և վնասակար պայմաններում աշխատանք է։ Գյուղաշխատողը առավել վտանգված է նաև այս առումով»։

Տիրուհի Նազարեթյանը նշեց՝ այս ոլորտում խնդիրները լուծելու համար առաջարկում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 2 կոնվենցիաների վավերացմանն ուղղված քայլեր կատարել․ «Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ունի չորս հիմնարար կոնվենցիաներ, որոնցից 129 կոնվենցիան վերաբերում է տեսչական վերահսկողությանը գյուղատնտեսության ոլորտում․ Այս կոնվենցիան առաջնահերթ է համարվում ԱՄԿ-ի կողմից, քանի որ այն անդրադառնում է անդամ երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում տեսչության իրականացմանը, և որպեսզի հնարավոր լինի այդ տեսչությունը իրականացնել, բնականաբար, անդամ երկիրը պետք է իր համակարգում այդ ոլորտի համար ընդունի համապատասխան ներքին օրենսդրություն, որը կկարգավորի գյուղաշխատողների կարգավիճակը, կատեգորիաները, աշխատաժամանակը, աշխատանքային գրաֆիկը»։

Երկրորդ կոնվենցիան, որը  առաջարկվում է վավերացնել, ԱՄԿ 184-րդ կոնվենցիան է, որը սահմանում է աշխատանքի անվտանգությունն ու հիգիենան գյուղատնտեսության ոլորտում․ «Առաջնային կարևորություն ունի, որովհետև նույնպես ներպետական օրենսդրությունում գյուղատնտեսության ոլորտում անվտանգության և առողջության պահպանման ազգային քաղաքականության ձևավորմանն ու վերանայմանն է անդրադառնում։ Նպատակը կանխարգելիչ է, այսինքն՝ ոչ թե անընդհատ սոցիալական երաշխիքները ավելացնել, որպեսզի վատ աշխատանքային պայմանների հեռահար հետևանքները վերանան, այլ, հակառակը, կանխարգելիչ միջոցառումների ներդրումն է, որը հնարավորինս կնվազեցնի առողջության հետ կապված խնդիրները, դժբախտ պատահաները և վնասվածքները»։

Փոխնախագահը նաև հավելեց, որ հարցումներ են անկացրել ՀՀ 5 մարզերում՝ հողագործությամբ զբաղվողների շրջանում։ Նա նշեց, որ անդրադարձել են  թունաքիմկատների օգտագործմանը, մասնավորապես գլիֆոսատին։

Գլիֆոսատը (N-(ֆոսֆոնոմեթիլ)-գլիցին) թունաքիմիկատ է, որն օգտագործվում է մոլախոտերի դեմ պայքարելու համար։ Գլիֆոսատ պարունակող թունաքիմիկատների օգտագործումը առավել վնասակար է և վտանգավոր է գյուղաշխատողի առողջության անվտանգության տեսանկյունից (խմբ․)։

Հարցին, թե ինչպիսի նյութեր են օգտագործում մոլախոտերի և անցանկալի նյութերի դեմ պայքարում, գյուղատնտեսությամբ զբաղվողների 77%-ը պատասխանել է, որ օգտագործում է գլիֆոսատ, ուրագան և այլ թունաքիմիկատներ։

Հարցվածների 72%-ը նշել է, որ չեն օգտագործում անհատական պաշտպանության միջոցներ թունաքիմիկատներ օգտագործելիս․ «Այն կազմակերպություններում, որտեղ եղել են օրինական ձևակերպված աշխատանքային հարաբերություններ, և եղել է արհմիութենական կազմակերպություն կամ որոշակի պայմանավորվածություններ, տրամադրվում են կամ պարտադրվում են օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ, ինչը ժամանակավոր աշխատողների կամ սեփական հողատարածությունները մշակողների դեպքում բացակայել են»։

Եզրափակելով խոսքը՝ Տիրուհի Նազարեթյանն ասաց՝ առաջարկում են կամ ՀՀ-ում արգելել գլիֆոսատի օգտագործում, կամ վերահսկողությանն ուղղված միջոցառումներ իրականացնել։  

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, անդրադառնալով գլիֆոսատի օգտագործմանը, ասաց՝  խնդրիներից մեկը այն է , որ գյուղացիական տնտեսությունները հիմնականում փոքր մասշատաբի են և հնարավորություն չունեն ճիշտ ցանքաշրջանառություն կազմակերպելու․ «Եթե հնարավորություն լինի ցանքաշրջանառություն կազմակերպել, համոզված եմ, որ մեր գյուղացիների 77%-ը, ովքեր նշել են, որ անպայման օգտագործում են թունաքիմիկատը(գլիֆոսատ), նրանց մի մասը կհրաժարվի դրա օգտագործումից, որովհետև իրենք էլ են հասկանում, որ դա առողջության համար վնաս է։ Երկրորդը, այսօր, ցավոք սրտի, գյուղատնտեսության ոլորտում ունենք աշխատուժի խնդիր։ Մարդիկ այդ բացը փոխարինում են՝ օգտագործելով այն թունաքիմիկատը, որը անմիջապես ապահովում է որոշակի արդյունք։Հույս ունեմ, որ հետագայում, երբ գյուղատնտեսական ձեռնարկությունների խոշորացման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն, ինքնաբերաբար այդ թունաքիմիկատի օգտագործման ծավալները կկրճատվի»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն էլ անդրադարձավ գյուղաշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված քայլերին․ «Այս տարվա հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները ընդլայնվել են․ ԱԱՏՄ-ն սկսել է դիտարկել նաև աշխատանքային պայմանները, աշխատանքային իրավունքները։  Կառավարության գործունեության մեջ կան կետեր, որոնք ուղղված են աշխատանքային օրենսդրության փոփոխությանը՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության բարձրացման համար։ Միգուցե հետագայում կարելի է քննարկել լիազորությունները 129 կոնվենցիայի շրջանակում, բայց հիմա մենք փորձում ենք ամբողջովին և արդյունավետ իրականացնել այն լիազորությունները, որ ստացել է տեսչական մարմինը»։

Արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը ասաց՝ հետազոտություն են անցկացրել գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցների շրջանում՝ պարզելու համար նրանց աշխատանքային պայմանները․ «Շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենք աշխատում են վտանգավոր պայմաններում։ Երբ ասում ես՝ ինչու չես կրում համապատասխան պաշտպանիչ միջոց, ասում է՝ իմ աշխատանքը անվտանգ է։ Այսինքն՝ բոլորս շատ աշխատանքներ ունենք անելու, դրա համար ուզում եմ, որ բոլորս դառնանք մի թիմ և իսկապես այդ շղթան սկսենք, որովհետև գյուղատնտեսության ոլորտի խնդիրները բազմապիսի են և դրանց աստիճանաբար պետք է լուծում տրվի»։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) բուսասանիտարիայի վարչության պետք Արթուր Նիկոյանն էլ ասաց, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա առնվազն մեկ ագրոնոմ (գյուղատնտեսության մասնագետ). «Այստեղ հիմնական մեխն այն է, որ ագրոնոմը մարդկանց ոչ թե գյուղատնտեսություն սովորեցնի (փորձը ցույց է տվել, որ դրա արդյունավետություն բարձր չի), այլ ինքը այդ գյուղին որպես գյուղատնտես ծառայի։ Այսպիսով կգա նաև հաջորդ խնդրի լուծումը։ Շատ երկրներում թունաքիմիկատները վաճառվում են ռեցեպտով։ Հիմա մեր երկրում ցանկացած մեկը ցանկացած քանակությամբ թունաքիմիկատ կարող է ձեռք բերել, ցանկացած վայրում այդ ամբողջ սրսկել ու երկրորդ օրը հանել շուկա։ Եթե ներդրվի ռեցեպտով վաճառքի համակարգ, ագրոնոմը կայցելի տվյալ դաշտ, և, բնականաբար գյուղացուց ավելի լավ կարող է իմանալ՝ ինչով է վարակված։ Գրում է վարակված, տալիս է, մարդը գնում է, թունաքիմիկատի խանութից ռեցեպտով ձեռք է բերում և սրսկում է։ Եթե հույսներս դնենք մեկի բարեխղճության վրա, կամ մտածենք, որ մենք ամեն մեկի գլխին կարող ենք կանգնել, վերահսկել կամ պատժել, կամ եթե մտածենք, որ գլիֆոսատը արգելելու դեպքում խնդիր է լուծվելու․ չէ, չի լուծվելու»-ասաց նա՝ հավելելով, որ բազմիցս քննարկել են գլիֆոսատի արգելումը, սակայն իրավական հիմք չունեն, քանի որ գլիֆոսատը ընդգրկված չէ կառավարության կողմից արգելված թունաքիմիկատների ցանկում։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել