Ի բնե հնարավոր չէ, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման. Նիկոլ Փաշինյան
17:30 - 17 նոյեմբերի, 2021

Ի բնե հնարավոր չէ, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, անդարդարձավ թե պաշտպանության նախարարի փոփոխությանը։

«Նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և սրանով շատ բան ասվում է, և ես չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն, առավել ևս՝ պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասներ։ Հայեցողական բառը շատ ամբողջական պատկերացում է տալիս, այսինքն՝ նախարար նշանակվում է տվյալ դեպքում մեր կառուցակարգերի համաձայն՝ վարչապետի հայեցողությամբ, և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»։

Նա նաև նշեց, թե որն է նոր նախարարի նշանակման շարժառիթը․ «Փորձը ցույց է տվել և ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, քաղաքական հաղորդացկությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է»։

Փաշինյանը հիշեցրեց, որ ԱԳ նախարարի պաշտոնում նույնպես քաղաքական թիմի անդամի է նշանակել․ «Երբ ես ԱԳՆ-ում հայտնի իրադարձություններից հետո խորհրդակցություններ էի անում, ես մի օր գնացել եմ ԱԳՆ և հրավիրել եմ վարչության պետերի մեծ մասի հետ շփվել եմ, և նրանք բոլորը միակարծիք ասում էին, որ, խնդրում ենք, ձեզ քաղաքական թիմից ներկայացուցիչ նշանակեք, ով ձեզ հետ, այսինքն՝ այդ քաղաքական բովանդակությունը ամբողջությամբ կկիսի։ Տվյալ դեպքում, կարծում եմ, պաշտպանության նախարարության պարագայում էլ դա կարևոր է»։

Տիգրան Աբրահամյանը հարցրել էր նաև, թե վերջին օրերին  ՀՀ արևելյան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ո՞վ է տվել չկրակելու հրաման, ի՞նչ է հայտնի գերեվարված զինծառայողների մասին։

«Ի բնե հնարավոր չի այդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման։ Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն։ Գերիների մասով ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ ԶՈՒ-ում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե թե մենք ընդհանրապես սխալ ենք վարվել նաև էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, և յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե այդ դեպքի հետ գործ չունենք։ Ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել