Տեղեկացնելը դեռեւս չի նշանակում դիմել․ ՄԱԿ ԱԽ դիմելու համար միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին գրավոր հիմքեր են պետք
17:14 - 17 նոյեմբերի, 2021

Տեղեկացնելը դեռեւս չի նշանակում դիմել․ ՄԱԿ ԱԽ դիմելու համար միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին գրավոր հիմքեր են պետք

Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի երեկվա հերթական ագրեսիայի համատեքստում դարձյալ քննարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) դիմելու հարցը։ Հայաստանյան պետական գերատեսչությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ն տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի եւ դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը՝ ի թիվս այլնի նկատի ունենալով նաեւ ՄԱԿ-ին դիմելու հավանականությունը։

Այս համատեքստում այսօր առավոտյան ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը գրառում էր կատարել ՄԱԿ ԱԽ-ին դիմելու հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: 

ՄԱԿ ԱԽ քարտուղարին իրավիճակի մասին տեղեկացնելը, սակայն, դեռեւս չի նշանակում դիմել ԱԽ-ին։ Չնայած Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ սահմանված է, որ ՄԱԿ ցանկացած անդամ կարող է ՄԱԿ ԱԽ-ին տեղյակ պահել միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող վեճի կամ իրավիճակի մասին, սակայն գոյություն ունի նաեւ մեկ այլ փաստաթուղթ՝ Provisional Rules of Procedure՝ Ընթացակարգի ժամանակավոր կանոնակարգ, որը կարգավորում է, թե Անվտանգության խորհրդում ինչպես են նախաձեռնվում եւ կազմակերպվում քննարկումները։

Այստեղ 3-րդ կանոնը նշում է, որ Անվտանգության խորհրդի նախագահը հրավիրում է հանդիպում-քննարկում, երբ իրավիվիճակը կամ վեճը ներկայացվում է ԱԽ ուշադրությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածի հիմքով։ Վերջինում նշված է, որ Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել այնպիսի իրավիճակի կամ վեճի վրա, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը (հոդված 35, մաս 1-ին. «Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին։», հոդված 34. «Անվտանգության խորհուրդը իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։»,- հեղ․

Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն Infocom-ի հետ զրույցում հաստատեց, որ ԱԽ նախագահին իրավիճակի մասին տեղեկացնելը եւ դիմել, հարցի նկատմամբ ուշադրություն հրավիրելը տարբեր գործընթացներ են։ Նրա խոսքով՝ մենք ՄԱԿ-ին կարող ենք տեղեկություն տալ մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին, սակայն սրա հիման վրա գործընթացներ չեն կարող նախաձեռնվել։ 

«Անվտանգության խորհրդի նախագահն ունի ներկայացուցչական գործառույթ, բայց կարգավորումը կախված է նրանից, թե ինչ բովանդակությամբ տեղեկություն է տրամադրվել։ Եթե ընդամենը տեղեկացրել են միջադեպի մասին, դա չի կարող ընկալվել որպես պաշտոնական դիմում՝ հարցի վրա ուշադրություն դարձնելու եւ գործընթացում ներգրավվելու վերաբերյալ։ Զուտ նամակի առկայությունը բավարար չի կարող գնահատվել պահանջի կատարման համար։ Այստեղ դիմող պետությունը պետք է հիմնավորի, որ այնպիսի իրավիճակի կամ վեճի է առնչվում, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Հետեւաբար, դիմող պետությունը նաեւ պարտականություն ունի ապացուցելու ու հիմնավորելու իրավիճակի բնույթը։ Եթե դա կատարեր ԱԽ անդամ-պետությունը, այս բեռը կարող էր չկրել, որովհետեւ նրանք ցանկացած հարցով կարող են դիմել։ Բայց ոչ անդամ-պետությունների՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու հնարավորություններն ավելի սահմանափակ են, եւ դիմելը կարող է հետեւանք առաջացնել, եթե այն, ինչպես նշեցի, առնչվում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,- մեր զրույցում ասաց իրավապաշտպանը։

Այսինքն, եթե Հայաստանը չկարողանա հիմնավորել, որ ստեղծված իրավիճակը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա հնարավոր դիմումը կարող է ուղղակի անհետեւանք մնալ, քանի որ ՄԱԿ-ն ընթացք է տալիս ԱԽ-ի ոչ անդամ, բայց ՄԱԿ-ի անդամ-պետությունների այն խնդրանքներին, որոնք վտանգում կամ կարող են վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։

Պետությունը, Սիրանուշ Սահակյանի խոսքով, պաշտոնապես պետք է դիմի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրի իրավիճակի կամ վեճի վրա, քանի որ նման խնդիրները պաշտոնական գրագրության շրջանակում կարող են իրականացվել, հրապարակային հայտարարությունները բավարար չեն։

«Այդ պարագայում, եթե ԱԽ-ն համարում է, որ դիմումի չափանիշը բավարար է, այսինքն՝ մի իրավիճակ է կամ վեճ, որը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա դրա ուժով հրավիրվում է նիստ։ Եթե այլ հարց է, որը չի սպառնում անվտանգությանն ու խաղաղությանը, ցանկացած անդամ-պետության դիմումի հիման վրա դարձյալ կարող է նիստ հրավիրվել, բայց եթե հարցն այնպիսի լրջություն ունի, որ խաղաղության սպառնալիք է, այս պարագայում գործող դերակատար կարող է լինել ոչ միայն ԱԽ անդամ-պետությունը, այլ ցանկացած պետություն։ Հիմա մենք նաեւ խաղաղության վերաբերյալ խնդիր ունենք, եւ հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել եւ այդ դիմումի հիման վրա պարտադիր է ՄԱԿ ԱԽ-ի կողմից նիստ հրավիրելը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դիմումի ընդունման, քննության մանրամասներն ավելի հանգամանալից կարգավորված չեն, սակայն այսպիսի հարցերը հրատապ են համարվում եւ սովորաբար հրատապ ընթացակարգով են քննվում, այլապես դրանք կարող են թողնվել բնականոն նիստերի քննարկմանը։

Սա, սակայն, Հայաստանի միակ հնարավորությունը չէ։ Օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան էլ կարող է հարց հղել Անվտանգության խորհրդին, նույնը կարող է անել նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարը․

«Հայաստանը մի քանի ճանապարհ ունի․ մեկը՝ ցուցադրել, որ խաղաղության հետ կապված խնդիրներ կան, եւ անմիջականորեն դիմել ԱԽ-ին, որը կառաջացնի հետեւանք, երկրորդը՝ կատարել դիվանագիտական աշխատանք Գլխավոր ասամբլեայում, որպեսզի ԳԱ-ն հարցը հղի Անվտանգության խորհրդին, եւ երրորդը՝ աշխատել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի վերջինս հարցը համապատասխանաբար ներկայացնի Անվտանգության խորհրդին։ Բայց այս դիմումները եւս պետք է գրավոր ընթացակարգով ներկայացվեն»: 

Այս ամենը, Սահակյանի համոզմամբ, դիվանագիտության եւ միջազգային կազմակերպությունների հետ շփումներում ընդունված մեթոդով պետք է տեղի ունենա, իսկ դրանք գրավոր ընթացակարգերն են։ Ասամբլեային եւ Քարտուղարությանը եւս պետք է ներկայացվեն այն նույն հիմնավորումները, որոնք կարող են դրվել միանգամից ԱԽ-ին դիմելու հիմքում։

Անվտանգության խորհրդի անդամ-պետությունները, մեր զրուցակցի խոսքով, ավելի շատ իրավունքներից են օգտվում, քան ոչ անդամ-պետությունները․ ԱԽ անդամ-պետությունները կարող են ցանկացած հարցով դիմել, այս պարագայում ԱԽ նախագահը պարտավոր է հրավիրել նիստ․ «Սա ամենաարագ ճանապարհն է, որովհետեւ ներգրավված պետություններից մեկը նախաձեռնում է նիստ, համատեղ քննարկում եւ լուծումներ են տրամադրում իրենց մանդատի ներքո գտնվող հարցերում»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար, օրինակ, հեշտ ճանապարհ կարող է լինել Ֆրանսիայի հետ դիվանագիտական աշխատանք կատարելու հնարավորությունը․ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է․

«Ֆրանսիան, առանց Հայաստանի պաշտոնական գրագրության, կկարողանա դիմել եւ նախաձեռնել անվտանգության խորհրդի նիստ՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան պատրաստակամ է աջակցել Հայստանին։ Այս պարագայում պարտադիր չէ Ֆրանսիային ներկայացնել այն նույն հիմնավորումները, ինչ կներկայացվեին ԱԽ ուղիղ դիմելու դեպքում, քանի որ Խորհրդին դիմող սուբյեկտն ԱԽ մշտական անդամ-պետություն է։ Իսկ նման պետությունը ցանկացած հարցով կարող է դիմել եւ պահանջել նիստի անցկացում»։ 

Այսինքն, եթե ՄԱԿ-ի մշտական անդամ-պետությունը կամ ոչ մշտական անդամ-պետությունը դիմում են ԱԽ նախագահին՝ նիստ հրավիրելու խնդրանքով, ապա նախագահը պարտավոր է հրավիրել նիստ։ Պարտավոր է նաեւ այն դեպքում, եթե ՄԱԿ անդամ-պետությունը հիմնավորումներով դիմում է ներկայացնում՝ խնդրելով նիստ հրավիրել։ Կարգավորումները, սակայն, սահմանափակում են պետությունների հնարվորությունը՝ ցանկացած հարցով ԱԽ-ին դիմելու, այդ կարգավորումների համաձայն՝ իրավատեր կարող է լինել պետությունը, եթե կհիմնավորի, որ խնդիրն առնչվում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը։ Եթե դիմումը հիմնավոր է, նախագահը հրավիրելու է նիստ, ու եթե հետագայում կարծեն, որ այդ հիմնավորումները բավարար չեն, եւ ԱԽ-ն տվյալ պարագայում չէր կարող գործել, դիրքորոշում կձեւավորեն։ Բայց, Սահակյանի խոսքով, ինքնին ֆորմալ դիմումը, որ ունի հիմնավորումներ, առաջ է բերում նախագահի պարտականություն՝ հրավիրել նիստ։

«Եթե նույնիսկ Հայաստանը մտավախություն ունի, որ կարող է՝ դիմումի հիմքերն առկա չեն, կարող է քննարկել այս հարցը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, եւ նա դարձյալ իրավունք ունի միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերով դիմել ԱԽ-ին։ Հայաստանը կարող է աշխատանք տանել գլխավոր քարտուղարի հետ, եւ եթե վերջինս կիսում է այն նկատառումները, որ իսկապես գոյություն ունեն անվտանգային խնդիրներ, արդեն նույն հիմքով գլխավոր քարտուղարը կդիմի ԱԽ նախագահին, եւ նա կպարտավորվի նիստ հրավիրել։ Մեր հնարավորությունները բավականին լայն են, ուղղակի պետք է օգտվել դրանցից։ Բայց խնդիրն այնքան լուրջ է, որ մենք ինքնուրույն էլ կարող ենք գործել, ընդամենը պետք է մեր ԱԳՆ-ն ճիշտ ձեւակերպումներով ձեռնամուխ լինի գործընթացների կազմակերպմանը»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։

Հավելենք նաեւ, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեր հարցին, թե արդյոք բացի տեղեկացումից ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, կամ կառույցի մյուս մարմիններին՝ Գլխավոր ասամբլեային կամ Քարտուղարությանը, պատասխանեց, որ առավոտյան հրապարակած հաղորդագրությանն այս պահին հավելելու ոչինչ չկա։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել