ԼՂ-ում հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
14:09 - 17 նոյեմբերի, 2021

ԼՂ-ում հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է՝ չնայած ձեռնարկվող քայլերին։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։

Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կնքված եռակողմ պայմանավորվածությունները հնարավորություն են տվել վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում․ «Չնայած ձեռնարկված քայլերին՝ հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռ լարվածություն կա»,- նշել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։ Այս մասին հայտնում է TACC-ը։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Այս պահին, ըստ ՊՆ-ի, հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերեվարված անձ։ 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել