Ռազմագերիների, անհետ կորածների խնդրի վերաբերյալ ԱԺ փակ քննարկումը չի կայանա |azatutyun.am|
19:38 - 16 նոյեմբերի, 2021

Ռազմագերիների, անհետ կորածների խնդրի վերաբերյալ ԱԺ փակ քննարկումը չի կայանա |azatutyun.am|

azatutyun.am: Ռազմագերիների, անհետ կորածների խնդրի վերաբերյալ խորհրդարանական փակ քննարկումը չի կայանա, պատճառը հիմնական զեկուցող, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի բացակայությունն էր։ Նիստի ընթացքում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Երրորդ նիստում պետք է քննարկեինք հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները, հրատապ թեմայով հարցը, բայց քանի որ հիմնական զեկուցողը դահլիճից բացակայում է, այս հարցը հերթական նիստերի օրակարգից դուրս է գալիս, և մենք շարունակում ենք քննարկել օրակարգային մյուս հարցերը», - հայտնեց ԱԺ փոխնախագահը:

Այս քննարկումը պաշտոնական գրությամբ նախաձեռնել էին ընդդիմադիր խմբակցությունները։ Որոշումն ընդունվեց այսօր առավոտյան 61 կողմ ձայնով: Մինչ քվեարկությունը, սակայն, ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտեցին նիստը` լքելով դահլիճը:

«Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ, արտահերթ խորհրդի նիստ, որպեսզի երեկ կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում:

Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենն այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք սնդիկի մասին օրենքի «կարևորագույն» կետի ներառումը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նիստից հետո հրավիրված ասուլիսին ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը պարզաբանեց` նիստերին դահլիճ չեն վերադառնա անգամ իրենց նախաձեռնած գերիների հարցով քննարկման ընթացքում, քանի որ փակ ձևաչափն իրենց համար անընդունելի է:

«Պահանջել ենք, որպեսզի ներկայանան այս հարցի քննարկման համար Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Լավ, եթե ոչ այս հարցով, ուրիշ ի՞նչ հարցով են, որ այս մարդիկ պարտավորվածություն ունեն ներկայանալու: Ազգային ժողովի ղեկավարությունն էլ փաստորեն չի կարողանում ապահովել այս մարդկանց ներկայությունն Ազգային ժողովում», - շեշտեց պատգամավորը:

Կանոնակարգ օրենքի համաձայն՝ հիմնական զեկուցողի բացակայության ժամանակ հարցն օրակարգից դուրս է գալիս։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը ևս նիստերի դահլիճ չվերադարձավ։ Պատգամավոր Աննա Մկրտչյանը պնդեց՝ իշխող մեծամասնությունը խեղաթյուրել է նիստի բովանդակությունը և ձևաչափը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել