Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի հերթական նիստերին
10:28 - 16 նոյեմբերի, 2021

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի հերթական նիստերին

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Նիստի սկզբում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մասնակցելու նիստերին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է ԱԺ օրակարգ բերել և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը․ «Պահանջում էինք կառավարությունից բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, որովհետև այս ամենը կառավարության բացթողումների և օրենսդիրի պատշաճ վերահսկողության  բացակայության պատճառով է»,- ասաց նա հավելելով, որ կառավարությունը խոչընդոտել է այս նախաձեռնությունը։

Օհանյանը ընդգծեց նաև, որ բացի այդ՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել․ «Դատապարտելով այս իրավական բեսպրեդելը և ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության․ «Ինչպես արդեն իսկ ներկայացվեց, ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ, արտահերթ խորհրդի նիստ, որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում։ Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենը այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք «Սնդիկի մասին» օրենքի  կարևորագույն կետի ներառումը։ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»։

Այնուհետև նրանք լքեցին նիստերի դահլիճը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել