Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգը
22:20 - 15 նոյեմբերի, 2021

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգը

Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգին։  

Հանրային ներդրումների կառավարման համակարգը հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առանցքային գործիքակազմի բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առանձնակի կարևորել հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության գերակայություններին և ռազմավարական ծրագրերին:

Նախարարությունը հայտնում է, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք սկսել ենք մի կարևոր նախաձեռնություն, որի նպատակը հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրումն է։ Այս համակարգի արդյունքում կառավարության կողմից իրականացվող կապիտալ և ոչ կապիտալ ներդրումներն ավելի կշռադատված և ավելի լավ գնահատված մեխանիզմով կսկսեն իրագործվել», - նշել է նախարարը և հանդիպման մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:

Այնուհետև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ներկայացրել է շնորհանդես հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի վերաբերյալ` ներկայացնելով գործընթացը, որի արդյունքում ակնկալվում է ունենալ մի համակարգ, որում հաշվի կառնվեն ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները:

Նա մանրամասներ է ներկայացրել նաև գաղափարների վերհանման, ծրագրերի մշակման և գնահատման մեթոդաբանության վերաբերյալ` անդրադառնալով անհրաժեշտ բոլոր քայլերին` ծրագրերի տեսակներին, միասնական կանոններով մշակման փուլերին, հիմնական սկզբունքներին, պատասխանատու մարմիններին, նախագնահատման և գնահատման չափորոշիչներին, ծրագրերի ընտրության, նախագծի մշակման, հանրային ներդրումային ծրագրերի բանկում ներառման, ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ որոշման կայացման,  բյուջետային գործընթացի սկզբի և իրականացման ընթացակարգերին:

Նշվել է նաև, որ որոշումներ ընդունելիս մեծ ուշադրություն է դարձվելու ծրագրերի գնահատման չափորոշիչներին, մասնավորապես` մարդկային կապիտալ, ոլորտի ռազմավարությանը համապատասխանություն, ենթակառուցվածքի նշանակություն, ռիսկայնություն և տնտեսական շահութաբերության վերլուծություն, որը թույլ կտա ընտրել այն ներդրումային ծրագրերը, որոնք առավելագույնս կնպաստեն երկրի տնտեսական աճին ծրագրի ողջ ժամանակահատվածի արդյունքներով:

Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հանրային ներդրումների կառավարման համակարգի վերաբերյալ, ներկայացվել առաջարկություններ, հստակեցվել հետագա անելիքները: Շեշտվել է նաև ծրագրերի մշակման ուղեցույցների, մասնագետների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: Անի Իսպիրյանը պատասխանել է մասնակիցների հարցերին և նշել, որ հանդիպումները լինելու են շարունակական:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել