Սևանա լճի մոտակայքում շուտով կտեղադրվի Գեղարքունիքի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով
17:46 - 15 նոյեմբերի, 2021

Սևանա լճի մոտակայքում շուտով կտեղադրվի Գեղարքունիքի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով

Շուտով Սևան քաղաքում՝ Սևանա լճի մոտակայքում, կտեղադրվի Գեղարքունիքի մարզի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով։ 

Գաղափարի հեղինակը Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորայի գիտաշխատող Գայանե Կարապետյանն է՝ Ֆիզիկոսների եվրոպական միության հայաստանյան մասնաճյուղի՝ «Yerevan young minds»-ի անդամների հետ միասին․ «Ես ու Հռիփսիմեն  2019 թ․-ի դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյում էինք ու տեսանք, որ գիտության թանգարաններից մեկի դրսի հատվածում դրված էին շատ մեծ ափսեներ՝ պարաբոլի տեսքով։ Այդ ափսեները իրարից շատ հեռու էին, երևի 50 մետր հեռու կլինեին, բայց  երբ երկուսս կանգնում էինք ափսեների մոտ, նույնիսկ շշուկով խոսելու դեպքում իրար լսում էինք»,-պատմում է Գայանեն՝ նշելով, որ «Շշնջացող ափսեներ»-ը տեսնելուց հետո մտածել են, որ Հայաստանում նույնպես կարող են ունենալ այդ գիտարձանից։ 

Նախագիծն իրականացնելու համար Գայանեն ընկերների հետ գաղափարը ներկայացրել է «Awesome» հիմնադրամին և դրամաշնորհ է ստացել։ Կորոնավիրուսի և պատերազմի պատճառով նախագիծը չի իրականացվել, բայց հետո Գայանեն որոշել է շարունակել այն։ 

Նրա խոսքով՝ գիտարձանը կապ ունի ֆիզիկայի հետ, դրա միջոցով փորձելու են ցույց տալ, թե ինչպես են տարածվում ձայնային ալիքները և ինչպես կարելի է պարաբոլ ափսեների միջոցով դրանք ֆոկուսացնել: Գիտարձանը բաղկացած է լինելու իրարից 30 մետր հեռավորության վրա գտնվող 2 մետրանոց ափսեներից․ «Քանի որ ափսեները կառուցված են պարաբոլի տեսքով, եթե ափսեներից մեկի մոտից մարդը խոսում է, իր ձայնը ուղիղ գծերով գնում է դեպի հաջորդ ափսեն։ Հաջորդ ափսեն հավաքում է ձայնի` բոլոր ուղղություններով տարածումը ու ֆոկուսացնում է մի կետում, իսկ այդ մի կետում գտնվում է մյուս մարդը, որը լսում է նրա խոսքը։ Սովորաբար, երբ մարդիկ խոսում են, իրենց ձայնը տարածվում է բոլոր ուղղություններով, դրա համար շատ հեռու տեղերում ձայնը լսելի չի լինում, իսկ եթե պարաբոլը դնենք ու ձայնը հավաքվի, արդեն լսելի կլինի»։

 

«Շշնջացող ափսեներ» գիտարձանը Մեծ Բրիտանիայում

Նա պատմում է, որ գիտարձանի պատրաստումը երեք փուլով է ընթանալու․ «Առաջին փուլը արդեն վերջացնում ենք, մնացած երկու փուլերը ավելի արագ կլինեն։ Գիտարձանը բաղկացած է դետալներից։ Հիմա «Այբ» դպրոցի «Fab Lab»-ում պատրաստում ենք դետալները, շարունակությունը արդեն «Ստորակետ»-ի  հետ կանենք, որը ճարտարապետական կազմակերպություն է»,-ասում է Գայանեն։

Գայանեն ասում է,  որ իրենց մարզում՝ Գեղարքունիքում, գիտությանն առնչվող ոչինչ չկա, ուստի որոշել են հենց Սևանում տեղադրել գիտարձանը․ «Գեղարքունիքը ամենամեծ մարզն է, բայց չկա որևէ գիտական արձան, որևէ վայր, որի միջոցով մարդիկ կծանոթանան գիտությանը, դրա համար որոշեցինք այս առաջին պրոյեկտը անել, որը կլինի սկիզբ, որպեսզի գիտությամբ հետաքրքրվողները շատանան, ու միգուցե իր կողքին կամ մոտակայքում ստեղծվի գիտության թանգարան։ Ես նաև ֆիզիկա եմ դասավանդում Ծաղկունք գյուղում։ Այնտեղ երեխաները շատ հետաքրքված են գիտությամբ, բայց զգացվում է այդ բացը, որ չկա ինչ-որ լաբորատորիա, կամ ինչ-որ հաստատություն, որտեղ երեխաները կտեսնեն գիտությունը, «ձեռքով կշոշափեն գիտությունը»։

Գայանեի կարծիքով՝ այս գիտարձանը կարող է գրավել  նույնիսկ այն մարդկանց, ովքեր հետաքրքված չեն գիտությամբ․ «Իրականում շատ հետաքրքիր է լինելու, ես գիտությամբ զբաղվում էի, բայց չգիտեի, որ նման բան կա։ Մեծ հույսեր ունեմ, որ դա մարդկանց կհետաքրքրի»։

Նա ասում է նաև, որ իրենց առաջնային նպատակը գիտարձանի միջոցով Սևանա լճի խնդիրները բարձրաձայնելն է․ «Գիտարձանը լինելու է հարթակ է, որի միջոցով մենք ցանկանում ենք բարձրաձայնել Սևանա լճի խնդիրները։ Դրա շրջակայքում բավական մեծ բաց տարածք է լինելու, հենց այստեղ կարող ենք դնել Սևանի հիմնախնդիրների մասին պատմող փոքրիկ նյութեր, որոնք մարդիկ կգան, կկարդան»։ 

Նրա խոսքով՝ գիտարձանը նոյեմբեր ամսվա ավարտին արդեն պատրաստ կլինի․ «Հույս ունեմ, որ կհասցնենք մինչև ձյան գալը գիտարձանը տեղադրել։ Տեղադրելու օրը նախատեսում ենք փոքրիկ բացման արարողություն անել, որ բոլորը տեղեկանան գիտարձանի մասին»։

Գլխավոր լուսանկարում՝ Գայանե Կարապետյանը

 

 

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել