ԱԻՆ-ի մեքենայով հաց է հասցվել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանը հերքում է Գորիսի փոխհամայնքապետի հայտարարությունը
22:42 - 12 նոյեմբերի, 2021

ԱԻՆ-ի մեքենայով հաց է հասցվել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանը հերքում է Գորիսի փոխհամայնքապետի հայտարարությունը

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն այսօր ԶԼՄ-ներին հայտնել է, թե Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր ինքն է հաց հասցնում, ու հարցրել, թե «ով պետք է այդ մասին մտածի»։

Հայտնում ենք, որ այդ ու գյուղերի բնակիչների մյուս խնդիրների մասին մտածող, ինչպես նաեւ խնդիրները լուծող կա, ու այսօր ՀՀ ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով Սյունիքի մարզպետարանն է կազմակերպել գյուղեր հաց հասցնելը։ Ինչպես նաեւ, այսուհետ եւս ամենօրյա ռեժիմով կկազմակերպվի գյուղեր սնունդ հասցնելը։

Նա նաեւ նշել է, որ Բարձրավանում դիալեզ ստացող հիվանդ կա, եւ չգիտեն, թե ինչպես պետք է նրա բուժսպասարկումը կազմակերպվի։ Դա եւս ապատեղեկատվություն է․ նշված հիվանդը Բարձրավանում շատ քիչ է լինում, վերջերս գտնվել է Երեւանում, իսկ արդեն մեկ շաբաթ է՝ նա գտնվում է Կապանում, ու Կապանի ԲԿ-ն կկազմակերպի նրան անհրաժեշտ բուժսպասարկումը»։

Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դժվարացել է կապը Գորիս քաղաքի ու այլ բնակավայրերի միջև, առաջացել են հացի մատակարարման խնդիրներ, դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթության հարցը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մի շարք հարցեր ուղղելով Գրիգորյանին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին անդրադարձել է նոյեմբերի 11-ին՝ կառավարության նիստն սկսելուց առաջ՝ հայտարարությամբ հանդես գալով Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ և նշելով, թե «Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել