ՀՀ-ում պատվաստանյութերի հետ փոխկապակցված մահեր չեն գրանցվել, իսկ պատվաստվածների շրջանում COVID-19-ից մահերի վիճակագրությունը դեռ չի ամփոփվել
17:34 - 13 նոյեմբերի, 2021

ՀՀ-ում պատվաստանյութերի հետ փոխկապակցված մահեր չեն գրանցվել, իսկ պատվաստվածների շրջանում COVID-19-ից մահերի վիճակագրությունը դեռ չի ամփոփվել

2021-ի ապրիլին Հայաստանում մեկնարկեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած վերջին տվյալների՝ Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ կատարվել է 890 797 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 613 849, երկրորդ դեղաչափ` 276 948։

Պատվաստանյութերը մեր օրգանիզմում կորոնավիրուսի դեմ հակարամիններ են առաջացնում, որոնց օգնությամբ օրգանիզմը բնական ճանապարհով վարակվելու դեպքում պայքարում է կորոնավիրուսի դեմ։ 

Պատվաստանյութերը նաև կողմնակի հետևանքներ են ունենում, սակայն պատվաստման օգուտները գերազանցում են հնարավոր ռիսկերը: Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ COVID-19-ի դեմ հայտնի կողմնակի հետևանքների ճնշող մեծամասնությունը թեթև է և կարճատև։ Առողջական լուրջ խնդիրները խիստ հազվադեպ են։

Պատվաստված մարդկանց շրջանում հազվադեպ արձանագրվում են կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր, սակայն տարբեր երկրներից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ չպատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսից մահանալու հավանականությունը մի քանի անգամ ավելի մեծ է։ 

Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ երկրում օգոստոսին չպատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու ռիսկը 6,1 անգամ ավելի մեծ է եղել, քան պատվաստվածների մոտ, իսկ մահանալու ռիսկը չպատվաստված մարդկանց մոտ 11,3 անգամ է ավելի մեծ եղել։  Իսկ «The Lancet» գիտական ամսագրում հոկտեմբերի 28-ին հրապարակված հոդվածներից մեկում ուսումնասիրվել են Շոտլանդիայում «Պֆայզերով» և «Աստրա-Զենեկայով» պատվաստվելուց հետո COVID-19-ից մահվան դեպքերը։

Հոդվածում նշվում է, որ COVID-19-ից մահանալու դեպքերը և՛ «Պֆայզերով», և՛ «Աստրա-Զենեկայով» պատվաստված լինելու դեպքում խիստ հազվադեպ են։ Երկու դեղաչափ ստացած և կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց մեծ մասը եղել է 75 տարեկանից բարձր և ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ։

Նոյեմբերի 8-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ պատվաստված լինելու պարագայում էլ COVID-19-ից մահեր եղել են՝ ընդգծելով, որ դա որևէ ձևով չպետք է ստվերի պատվաստման արդյունավետությունը։

Infocom-ը հարցմամբ փորձեց հասկանալ հետևյալը․

  • COVID-19-ի դեմ պատվաստումից հետո Հայաստանում գրանցվե՞լ են թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի, միոկարդիտի դեպքեր կամ պատվաստանյութերից առաջացած այլ բարդություններ,
  • պատվաստանյութ ստանալուց հետո գրանցվե՞լ են մահվան դեպքեր, երբ մահը փոխկապակցված է եղել պատվաստանյութի հետ,
  • պատվաստման գործընթացի մեկնարկից ի վեր՝ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց ո՞ր մասն է եղել պատվաստված։

Մեր առաջին հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից հայտնել են միայն հետևյալը․ «Հայաստանում մինչ պատվաստումները՝ յուրաքանչյուր տարի, գրանցվել են թրոմբոզի, թրոմբոցիտոպենիայի, միոկարդիտի դեպքեր: Պետք է նշել, որ պատվաստումների մեկնարկից հետո բնակչության շրջանում ֆոնային հիվանդությունների, այդ թվում՝ Ձեր կողմից նշվածների փոփոխություն չի եղել»:

Ի պատասխան մեր դիտարկմանը, թե այս պատասխանը լիարժեք չէ, և դրանից հնարավոր չէ հասկանալ՝ պատվաստումից հետո կողմնակի լուրջ հետևանքներ եղե՞լ են, թե՞ ոչ, առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց հետևյալը․ «Պատվաստման պատճառով որևէ հիվանդության առաջացման պատճառահետևանքային կապ չկա ապացուցված։ Առողջապահության նախարարը միշտ ասում է, որ չունենք գրանցված որևէ բարդություն, դրանք (գրանցվող դեպքերը- խմբ․) նորմայի մեջ սպասվող շեղումներն են՝ սկսած ջերմությունից մինչև տենդային ցավեր, սրտխառնոցներ»։

Մեր երկրորդ հարցին ի պատասխան՝ նախարարությունից նշել են․ «ՀՀ բնակչության մահացության վերաբերյալ տեղեկությունը ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից տրամադրվում է տարեկան կտրվածքով` քաղաքացիական կացության ակտերի հիման վրա: Ինչ վերաբերում է նրան, թե մահը փոխկապակցված եղե՞լ է պատվաստանյութի հետ, ապա տեղեկացնում ենք, որ պատվաստման հետ կապված պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել»:

Իսկ մեր վերջին հարցին նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով միայն հետևյալը․ «COVID-19-ի դեմ պատվաստված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքերը վերլուծելու նպատակով Առողջապահության նախարարությունում հավաքագրվում են տվյալներ, որոնք մինչև տարեվերջ կամփոփվեն»:

Ի պատասխան մեր դիտարկմանը, որ եթե տվյալները հավաքագրվում են, ապա նախարարությունն ունի ինչ-որ ժամանակահատվածի վիճակագրություն և կարող է տրամադրել, նախարարի մամուլի խոսնակը նշեց՝ վիճակագրական տվյալները նախքան ամփոփումը չեն հրապարակվում, և հորդորեց սպասել նշված ժամկետին։

Այսպիսով, համաձայն Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումից հետո չեն գրանցվել թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի, միոկարդիտի դեպքեր կամ այլ բարդություններ, որոնց կապը պատվաստանյութերի հետ ապացուցված է։ Պատվաստանյութերի հետ փոխկապակցված մահեր ևս, ըստ ԱՆ-ի, չեն գրանցվել։ Ինչ վերաբերում է պատվաստված մարդկանց շրջանում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքերին, նախարարությունը հրաժարվեց տվյալներ տրամադրել՝ պնդելով, որ այդ վիճակագրությունը կհրապարակվի տարեվերջին։

Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի արդյունավետության, ինչպես նաև հակացուցումների ու կողմնակի հետևանքների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ և այստեղ։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել