«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|
14:52 - 12 նոյեմբերի, 2021

«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պետական ավիափոխադրողը՝ «Բելավիա»-ն, հայտարարել է, որ այսօրվանից դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս՝ պաշտոնական Անկարայի խնդրանքով։ Որոշումը կայացվել է Լեհաստանի և Բելառուսի սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։

Ավելի վաղ՝ նախօրեին, արևմտյան կառավարությունները ՄԱԿ-ում դատապարտել էին Բելառուսի իշխանություններին և պնդել, թե Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է ներգաղթյալներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ վրեժխնդիր լինելու իր դեմ սահմանված պատժամիջոցների համար։

Լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած գիշեր իշխանությունները կանխել են ներգաղթյալների երկու խմբի կողմից ապօրինի սահմանահատումը, այսօր նման փորձերը շարունակվել են։

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Էստոնիան ու մի շարք այլ երկրներ երեկ ՄԱԿ-ում հայտարարել են, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգության համար։

Մոսկվան Լուկաշենկոյին իր աջակցությունը ցույց տալու համար երկու օր անընդմեջ միջուկային զենք կրելու ընդունակ ռազմավարական ռմբակոծիչներ էր ուղարկել Բելառուսի օդային տարածք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել