Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է Ապարանում ստեղծվելիք զբոսաշրջային գոտում հնարավորություն տալ խաղատների ստեղծում այն պայմաններով, ինչ այժմ Ծաղկաձորում եւ այլ քաղաքներում
13:50 - 10 նոյեմբերի, 2021

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է Ապարանում ստեղծվելիք զբոսաշրջային գոտում հնարավորություն տալ խաղատների ստեղծում այն պայմաններով, ինչ այժմ Ծաղկաձորում եւ այլ քաղաքներում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել օրենքի նախագծերի փաթեթ, որով ենթադրում է, որ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ին N 1246 – Ա որոշմամբ հավանության արժանացած «Մայլեռ» ներդրումային ծրագրով (Ծրագիր) նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ 

Հիշեցնենք՝ հուլիսին գործադիրը հավանությանն էր արժանացել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը, որը պետք է իրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր․ 

«Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: [․․․] Ծրագրի իրականացման հետագա փուլերում նախատեսվում է ընդյայնել համալիրը՝ ներառելով այլ ծառայություններ ևս: Ընկերությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Նոր ներդրողներ ներգրավելու միջոցով ընկերությունը նախատեսում է ապահովել ևս 15 միլիարդ դրամի ներդրում՝ հյուրանոցային հատվածում»,- տեղեկանում ենք ծրագրից։

Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները, նախարարության մեկնաբանմամբ, նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների․ «Առաջարկվող մոտեցումը ենթադրում է, որ այն պետք է կիրառվի ոչ միայն Ծրագրի համար, այլև նմանատիպ այլ զբոսաշրջային կենտրոնների պարագայում ևս, և մոտեցումների կիրառման նույնատիպությունն անհրաժեշտ է նախատեսել օրենսդրությամբ՝ հետագայում նմանատիպ ծրագրերի մասով կիրառելու նպատակով»,- ասված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախարարության առաջարկած նախագծերի հիմնավորման մեջ։

Նախագծի ընդունման կապակցությամբ, ինչպես վստահեցնում է նախարարությունը, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել