Ազգային-ժողովրդավարական բևեռը երդմամբ սկսեց ազատ, անկախ եւ միացյալ ՀՀ-ի վերակերտման համազգային իր պայքարը
18:51 - 09 նոյեմբերի, 2021

Ազգային-ժողովրդավարական բևեռը երդմամբ սկսեց ազատ, անկախ եւ միացյալ ՀՀ-ի վերակերտման համազգային իր պայքարը

Ազգային-ժողովրդավարական բևեռն Ազատության հրապարակում սկսել է իր հանրահավաքը։ ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ թեւակոխում են մոբիլիզացիայի մի նոր վիճակ, եւ իրենց նպատակի համար (առաջնային նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է) հարկ է, որ նաեւ հոգեբանորեն մոբիլիզացում լինի՝ ավելի բարձր որակական մակարդակում․

«Մարդկությունը դրա համար ձեւեր է գտել, եւ դրանցից ընդունվածներից եւ մարդկանց համախմբելու լավագույն տարբերակներից մեկը երդման արարողությունն է․ առաջարկում եմ միասին երդվել՝ պայքարին հավատարիմ մնալու եւ շարունակելու համար»,- ասաց Ավետիսյանն ու կարդաց երդման տեքստը․

«Միանալով ազատ, անկախ եւ միացյալ ՀՀ-ի վերակերտման համազգային պայքարին՝ երդվում եմ հոգով, մտքով, խոսքով եւ գործով լինել հավատարիմ եւ հետեւորդ՝ հայրենատիրության գերագույն նպատակին, ջանք ու եռանդ չխնայել ազգային-ինքնիշխան պետության կայացման ու հզորացման համար, փայփայել եւ զարգացնել ազգային ինքնությույնս՝ հայոց լեզուն, հայրենի հողը, հայ մշակույթը, հարգել եւ պաշտպանել համամարդկային արժեքները, արժանի լինել հայրենիքի ազատության նահատակ հերոսների հիշատակին, լինել իրավատեր քաղաքացի, ազգային ու պետական շահը գերադասել անձնականից եւ պաշտպանել հայրենիքը, իրավունքն ու ազատությունը․ երդվու՛մ եմ, երդվո՛ւմ եմ, երդվո՛ւմ եմ»,- կարդաց Ավետիսյանը եւ նրան միացան հանրահավաքին ներկա քաղաքացիները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել