Ալիևի հրապարակային հակահայկական հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության. Վիլեն Գաբրիելյան
15:22 - 09 նոյեմբերի, 2021

Ալիևի հրապարակային հակահայկական հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության. Վիլեն Գաբրիելյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ մնալով իր միջազգային պարտավորություններին, բազմիցս հայտարարել է, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ևս հայտարարվել է, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել։ Կառավարության ծրագրում հստակ արձանագրված է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ ունեցել է հրապարակային հակահայկական ելույթներ և մինչ օրս շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն։

Դրա վառ օրինակ է Ադրբեջանի նախագահի սույն թվականի սեպտեմբերի 27-ի ամբողջական ուղերձը, որի յուրաքանչյուր պարբերության մեջ վերջինս հայերին անվանում է ֆաշիստ, թշնամի, պնդում, որ Հայաստանի Հանրապետությունը պատմական ադրբեջանական տարածք է, և այդ ամբողջովին խեղաթյուրված պատմական իրողությունները ադրբեջանցի երեխաներին պետք է սովորեցնեն դպրոցներում։

Ալիևի նմանատիպ հրապարակային հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության: Դրա վառ ապացույց են` Ադրբեջանում հայատյացության քարոզը, հայկական մշակութային հուշարձանների պղծումը և ոչնչացումը, հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը և սպանելը:

Խաղաղության մասին յուրաքանչյուր հերթական թեզ կապվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ անմիջապես առնչություն ունեցող «միջանցքի», ինչպես նաև այնպիսի նախապայմանների, որոնք մերժվում են թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, թե Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կողմից։
 
Ադրբեջանի կողմից խաղաղության իմիտացիայի վառ օրինակ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում տեղակայված խաղաղապահների խաղաղասիրական առաքելության ու դերի նվաստացմանն ուղղված, և դրանց ձևական բնույթ հաղորդելու վերաբերյալ պարբերաբար կրկնվող մերկապարանոց հայտարարությունները և գործողությունները։

Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ էթնիկ ատելության, անհանդուրժողականության և ցեղասպանական նկրտումների համատեքստում, պարբերաբար իրականացվում են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ, քաղաքացիական խաղաղ բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող բացահայտ ոտնձգություններ (մասնավորապես` սույն թվականի նոյեմբերի 8-ի քաղաքացիական անձանց բացահայտ սպանությունը), և այս ամենը պետք է ստանա համապատասխան միջազգային, քաղաքական, իրավական գնահատական:

Սա հայտարարում եմ, ոչ միայն որպես ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, այլ նաև որպես Ադերբեջանի մայրաքաղաք Բաքվում ծնված, և Ադրբեջանի ղեկավարության կողմից տարված հայատյաց քաղաքականության պատճառով իր ծննդավայրից տեղահանված անձ: Սա վառ ապացույցն է առ այն, որ Ապշերոնյան թերակղզու ղեկավարությունը այս քաղաքականությունը վարում է ավելին քան 30 տարի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել