«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի
22:03 - 06 նոյեմբերի, 2021

«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի

Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում միացել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Նախարարը ողջունել է պատվաստումային արշավը՝ կոչ անելով հայրենակիցներին օր առաջ պատվաստվել: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հատկապես կանանց դերը համավարակի դեմ պայքարում:
 
«Սիրելի կանայք, եկե՛ք մեզ վրա վերցնենք պատասխանատվությունը: Խնդրում եմ, եկե՛ք մենք հսկենք, հո՛գ տանենք, որ տանից դուրս գալիս ընտանիքի անդամները դիմակ կրեն. սա պաշտպանիչ ևս մեկ շերտ է, որը պատվաստումներին զուգահեռ կօգնի կոտրել վարակի ալիքը»,- նշել է նախարարը:
 
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել նմանատիպ պատվաստումային արշավները` ընդգծելով, որ վերջին շրջանում թափ առած պատվաստումային ակտիվությունն անհնար է չնկատել։
 
«Շատ ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք մարդկանց ցույց են տալիս պատվաստման կարևորությունը: Ակնհայտ է, որ Հայաստանում պատվաստումային գործընթացն ակտիվանում է, քանի որ մարդիկ սկսել են գիտակցել, որ այս համավարակի դեմ պայքարի միակ և արդյունավետ միջոցը պատվաստումն է»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ պատվաստանյութերի ձեռքբերման հարցում երկրները պետք է սոլիդարություն դրսևորեն։
 
Հիշեցնենք, որ պատվաստանյութերի համար բանակցությունների և ձեռքբերման հարցում Լիտվան մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին։ «Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել