ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:54 - 05 նոյեմբերի, 2021

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարանից հայտնում են, որ փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի և Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ:

Նշվում է, որ հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Տիկին Գզոյանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

 Եվրոպայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը նաև գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել