Հայաստանում առաջիկայում կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով |armenpress.am|
13:18 - 05 նոյեմբերի, 2021

Հայաստանում առաջիկայում կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առաջիկայում կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով:

Լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ ապահովելու են ճիշտ գործընթաց սահմանադրական բարեփոխումները իրականացնելու համար, որում ընդգրկված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը:

«Կստեղծենք խորհուրդ քաղաքական բոլոր ուժերի, մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, և իրենք թող միասին ընտրեն մասնագիտական հանձնաժողով, որոնք կլինեն հարգարժան մասնագետներ իրավունքի ոլորտում և արդեն  խորհուրդը իր մասնագիտական հանձնաժողովի հետ միասին կտա այն պատասխանը, թե Հայաստանը կլինի նախագահական, թե կիսանախագահական, թե խորհրդարանական: Ունենք դատական համակարգի գլոբալ բարեփոխման հարց, օրինակ` Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները պետք է միավորվե՞ն, թե պետք է լինեն առանձին, արդյոք պետք է միավորվե՞ն Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանները»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարի խոսքով` խնդիրները պետք է լուծում ստանան, և այդ լուծումը ոչ թե պետք է տա Կառավարությունը, այլ խորհուրդը, որտեղ կան և ընդդիմությունը,և իշխանությունը, և հասարակական կազմակերպությունները, և բարձագույն դատական խորհուրդը, և մարդու իրավունքների պաշտպանը, և մնացած բոլոր այն կառույցները, և ինստիտուտները, որոնք անելիք ու ասելիք ունեն այս կարևոր գործընթացում:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը լայն ներկայացվածություն է ունենալու, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերը, 3 արտախորհրդարանական ուժերը, 3 հասարակական կազմակերպությունները, պետական մի շարք կառույցներ` ԲԴԽ-ն, ՄԻՊ-ը, նախարարությունները և այլն: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների`  չեզոք, առանց քաղաքական ուղղվածության, ուղղակի լավ իրավաբանների, և նրանք գրելու են տեքստերը:  Նախորդ փորձի ժամանակ հանձնաժողովի մեջ էին 5 գիտնականներ, և նրանց քաղաքական քննարկումները թույլ չէին տալիս, որ անցնեինք մասնագիտական աշխատանքի: Հիմա տրոհում ենք, որպեսզի քաղաքական առաջնորդությունը չխանգարի մասնագետներին կատարել ավելի հստակ աշխատանք:  Դրա համար հույս ունենք, որ 1-1.5 տարում կունենանք սահմանադրական բարեփոխումների նախագիծը»,- եզրափակեց Անդրեասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել