«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողների հետ
18:43 - 04 նոյեմբերի, 2021

«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողների հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Արթուր Վանեցյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի եւ դրա հետեւանքների մասին: Խմբակցության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմում գործուն մասնակցություն է ունեցել նաեւ Թուրքիան: Արթուր Վանեցյանը հրատապ է համարել Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց անհապաղ վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս համատեքստում կարեւորվել է միջազգային բոլոր գործընկերների աջակցությունը` ստիպելու համար, որ Ադրբեջանը վերադարձնի գերեվարված անձանց:

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին` խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի` Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների եւ ուժի կիրառման, հակահայ քարոզչության վերաբերյալ, ինչը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

«Պատգամավորներն իրենց դիրքորոշումներն են հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Նշվել է, որ ընդդիմադիր 2 պատգամավոր գտնվում է անազատության մեջ, իսկ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների զգալի թվով պատգամավորների դեմ հարուցված են քրեական գործեր: Ըստ Արթուր Վանեցյանի`  իշխանությունը փորձում է քրեական գործերով լռեցնել քաղաքական հակառակորդներին, ինչպես նաեւ սահմանափակել այդ պատգամավորների ազատ տեղաշարժը, այլ խոսքով` խոչընդոտել նրանց` պատգամավորական գործունեությունից բխող գործուղումների մեկնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հյուրերի խնդրանքով Արթուր Վանեցյանն ու Հայկ Մամիջանյանն անդրադարձել են մեր երկրում ընտրական բարեփոխումներին, դատական համակարգին, ԶԼՄ-ների անկախությանը եւ խոսքի ազատության սահմանափակումներին առնչվող հարցերի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել