Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրգործերն անթույլատրելի են․ «Հայաստան» խմբակցության անդամներն ասել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
15:15 - 04 նոյեմբերի, 2021

Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրգործերն անթույլատրելի են․ «Հայաստան» խմբակցության անդամներն ասել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Սեյրան Օհանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ միջազգային հարթակներում պետք է բարձրաձայնել, որ պատերազմը ոտնձգություն էր Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու եւ արարելու իրավունքի դեմ:

Ընդգծվել է, որ ադրբեջանաթուրքական տանդեմը պատերազմի ընթացքում հանցագործություններ է կատարել արցախահայության նկատմամբ, օգտագործել արգելված զինամթերք, մինչ օրս շարունակում է պղծել պատմամշակութային արժեքները: Սեյրան Օհանյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչն արվում է հեռահար նպատակներով:

Կիմո Կիլյունենի խոսքով՝ երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցում էին, հստակ էր, որ միայն խաղաղ ճանապարհով է խնդրի լուծումը նախատեսվում: «Մենք մտահոգված ենք պատերազմական իրավիճակով, մարդու իրավունքների խախտումներով»,-ասել է համազեկուցողը:

Խմբակցության անդամներն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին, խոսքի ազատության հիմնախնդիրներին, դատաիրավական ոլորտի բացթողումներին, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին: Արամ Վարդեւանյանն անդրադարձել է, մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերի անթույլատրելիությանը՝ դա դիտարկելով պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Նա անընդունելի է համարել ԸՕ-ի փոփոխություններն անմիջապես ընտրությունների նախաշեմին: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ թեպետ ԸՕ-ում փոփոխություններ արվել են, սակայն հստակ չեն հատկապես ընտրարշավին, կուսակցությունների ֆինանսավորմանը վերաբերող կարգավորումները:

Համազեկուցողները կարեւորել են համագործակցությունը եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանական ուժերի հետ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել