Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը   |armenpress.am|
14:36 - 04 նոյեմբերի, 2021

Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը:

Նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդմնակալությունը: Ձեռքը՝ Աստվածաշնչին ու Սահմանադրությանը՝ Վարդգես Սամսոնյանը երդվեց ծառայել համայնքի բարգավաճմանը:  «Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ. պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- իր երդման խոսքում նշեց Վարդգես Սամսոնյանը:

Քաղաքապետի երդման խոսքն ի պահ տրվեց քաղաքի պատմության թանգարանին:

 Նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրիի զինանշանը պատկերող լանջաշղթան:

Վարդգես Սամսոնյանին Շիրակի թեմի առաջնորդի անունից օրհնության խոսք հղեց Տեր Վարուժան քահանա Տերտերյանը՝  քաղաքապետին անսպառ ուժ, եռանդ, քաջառողջություն մաղթելով: «Թող այն բարեկարգումների ու բարեփոխումների շարունակողը լինեք, ինչն այսօր բոլորս տեսնում ենք քաղաքում: Ցանկանում եմ, որ Ձեր քաղաքապետության տարիներին ամեն մի գյումրեցի զգա, գիտակցի ու ազնիվ մտածում ունենա, որ օր ու գիշեր իրենց մասին մտածող ու մտահոգվող կա: Վստահ եմ՝ Ձեր գիշերը ցերեկ կդարձնեք քաղաքն առավել լուսավոր պայծառ և բարեկարգ դարձնելու համար»,-իր խոսքում նշեց Տեր Վարուժան քահանան:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել