Երևանի մետրոյի ռելսերը մաշված են, անհապաղ փոխարինման ենթակա. Կառավարությունը 141 մլն դրամ հատկացրեց դրանց գնման համար |armtimes.com|
13:55 - 04 նոյեմբերի, 2021

Երևանի մետրոյի ռելսերը մաշված են, անհապաղ փոխարինման ենթակա. Կառավարությունը 141 մլն դրամ հատկացրեց դրանց գնման համար |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով գործադիրը հավանություն տվեց «Հարավկովկասյան երկաթուղուց» 4300 մ ռելսեր գնելու առաջարկին, որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ, ներառյալ՝ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն: Այդ գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից:

Հարցը ներառված էր Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում:

Նախագծում նշված է՝ թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը լուծարել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի  մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության եւ «Իմպեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի օգոստոսի 16-ին կնքված պայմանագիրը՝ երկկողմանի համաձայնությամբ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը գտնվում են մաշված վիճակում, ինչը ուղղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ողջ ցանցում առկա են 56 կմ ընդհանուր երկարության ռելսեր։ Վերջին անգամ ռելսեր ձեռք են բերել 2014 թվականի մարտին՝ թվով 4400 մ: Դրանք շահագործվող գծերում են տեղակայվել 2014-2018 թվականների ընթացքում: 2018 թվականից մինչ օրս ընկերությունը նոր ռելսեր ձեռք չի բերել, չնայած միայն 2020-2021 թվականների ընթացքում հայտարարվել է 7 մրցույթ:

«Նշենք, որ 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ շահագործվող գծերում առկա են 4400 մ ժամկետանց, 2000 մ արատային, 775 գմ անհապաղ փոխարինման ենթակա ռելսեր, սակայն պահուստում առկա չէ ոչ մի մետր ռելս»,- նշված է հիմնավորման մեջ:

Յուրաքանչյուր տարի շահագործման ընթացքում ի հայտ են գալիս ևս 250-400 գմ նոր արատային ռելսեր:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռք բերել 4300 մետր р-50 տեսակի նոր ռելսեր, որոնք նախատեսված են մետրոպոլիտեններում շահագործման, ինչպես նաեւ սլաքային փոխադրիչների կազմակերպման համար։

Նշված ռելսերն իրենց պատրաստման ընթացքում չեն ենթարկվում ջերմային խտացման, ինչը դարձնում է նրանց ավելի ճկուն և դիմացկուն կոտրվածքներ առաջանալու դեպքերում։

Ուսումնասիրելով դրսի շուկան (քանի որ ՀՀ տարածքում ռելսեր չեն արտադրվում)՝ պարզվել է, որ այդ տեսակի ռելսերի արժեքը ոչ պակաս է 37.000 դրամից 1 մետրի համար (առանց տեղափոխման վճարի), միաժամանակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է р-50 տեսակի 4300 մ խմբաքանակի ռելսերի մատակարարման անհամեմատ ցածր գին՝ 141 միլիոն դրամ:

Բացի այդ, ընկերությունն առաջարկել է մատակարարումն իրականացնել անհամեմատ սեղմ ժամկետներում՝ մինչև 45 օրվա ընթացքում, ինչը կարևոր նշանակություն ունի օր առաջ փոխարինման ենթակա ռելսերը փոխարինելու և այս բարդ իրավիճակից դուրս գալու համար։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախագծով առաջարկվում է թույլատրել երկկողմանի համաձայնությամբ լուծարել իր եւ «Իմպեքս» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի օգոստոսի 16-ին կնքած պայմանագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել