Հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված․ Անահիտ Ավանեսյան
12:47 - 04 նոյեմբերի, 2021

Հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված․ Անահիտ Ավանեսյան

Դպրոցների արձակուրդների երկարացնումն ու բուհերում դասերն առցանց անելու որոշումը արդեն որոշակի դրական միտումներ է ցույց տալիս․ մենք տեսնում ենք, որ հիվանդացության եւ վերարտադրողականության տոկոսի նվազում ունենք, ինչը հաջորդ շաբաթվա թվերի մասով կարձանագրվի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում, մի փոքր նվազում ունենք հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում, մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին։ Մահճակալների ֆոնդը 3100-ից անց է, մենք հընթացս աշխատանքներ ենք անում՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու, եւ ընթացիկ պլանային բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք Covid պացիենտներին»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ իրականացնում են աշխատանքներ թթվածնային ապահովության անխափան մատակարարումն ապահովելու համար, եւ այս պահին, նախարարի դիտարկմամբ, այդ աշխատանքներն անխափան իրականացվում են․ «Մեր բոլոր բժշկական հաստատությունններն ապահովված են թթվածնով, չնայած սպառումը շատ ռեսուրսներով է իրականացվում»։

Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 852 355 պատվաստում, առաջին դեղաչափ ստացել է 588 562 քաղաքացի, սա մեծահասակ բնակչության 29,4% է, երկրորդ դեղաչափը ստացել է 263 793 քաղաքացի, սա էլ 13%-ն է։

«Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամնեը 97-ն են, որ պատվաստված են»,- նշեց Ավանեսյանը։

Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ լոքդաունների չեն գնալու․ «Ես ուզում եմ՝ սա հստակ արձանագրենք։ Դիմակների պարտադիր կրումը պետք է հետեւողականորեն պահենք, պատվաստումներն էլ պետք է անենք մեծ ծավալներով։ Գործնականում մեր հզորությունները ցույց են տալիս, որ 25 հազար պատվաստում կարելի է իրականացնել, օրեր են լինում, սակայն, որ քիչ ենք անում՝ քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար կա․ «Պետք է մարդկանց փրկել, էդ փրկության միջոցը կար։ 2020-ի գարնանն էր, որ աշխարհը շվարած՝ չգիտեր ինչ աներ։ Էսօր կա շատ հստակ պատկեր․ էն երկրներում, որտեղ կան 80-90% պատվաստումներ, այնտեղ գործնականում հարցը լուծված է, այսինքն՝ մահվան շատ ցածր ցուցանիշներ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը բոլոր միջոցները ձեռնարկել է, որ COVID-ը կարողանանքն հաղթահարել․ «Կոչ եմ անում պատվաստվել, երեխաները, մեծահասակները, աշխատողները, չաշխատողները։ Որտեղ կա տրամաբանական խստացման տեղ, մենք էդ ճանապարհով էլ պետք է գնանք, բայց մենք մարդկանց խնդրում ենք օգնել մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք օգնել իրենց՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը նվազեցնելու համար»։

Նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ օրը Վանաձորում իրականացնելու են պատվաստումային օր, եւ բոլորին հրավիրում են Լոռու մարզում ակտիվ մասնակցել, գնալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել