Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում
19:26 - 03 նոյեմբերի, 2021

Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Լուսանկարը՝ hetq.am


Հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր (փաստացի) բնակվում է Արցախից տեղահանված 20433 մարդ կամ 5294 ընտանիք (հոկտեմբերի 1-ի հաշվառմամբ)։ Այս մասին Infocom-ին հայտնել է
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։ 

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով (պատերազմի ընթացքում եւ դրանից հետո` հիմնականում մինչեւ 2021թ. հոկտեմբերի վերջը) Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր 96 հազարի․ նրանցից 64 հազարն արդեն վերադարձել է Արցախ։

Made with Flourish

Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ-ում բնակվող 20433 տեղահանված արցախցիները ԱՀ որ շրջաններից են։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակվող 20433 արցախցիների գերակշռող մասն այսօր ապրում է վարձու բնակարաններում։ Մեր ստացած տվյալների համաձայն՝ շուրջ 300 ընտանիք ապրում է հանրակացարանային տիպի ժամանակավոր կացարաններում։ Մեր հարցին ի պատասխան՝ Օպերատիվ շտաբի պետը հայտնել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են կատարում՝ այդ 300 ընտանիքներին հետագայում վարձու բնակարաններ տեղափոխվելու համար: 

 

Made with Flourish

Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ որ մարզերում Արցախից տեղահանված քանի անձ է բնակվում։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից


ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների տեղաբաշխվածության շրջանակն ու աշխարհագրությունն առայժմ թույլ չեն տալիս հստակ պատասխան տրամադրել մեր այն հարցին, թե նրանցից քանիսն է մշտական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն մոտավոր թիվ կա այն անձանց վերաբերյալ, որոնք լքել են Հայաստանի Հանրապետությունը՝ չվերադառնալով նաեւ Արցախ․ Օպերատիվ շտաբի ունեցած հաշվառմամբ՝ նրանց թիվը հասնում է 800-ի։ Թեեւ Շտաբից նշել են, որ այս պարագայում եւս օբյեկտիվորեն հնարավոր չէ ճշգրիտ տվյալներ ներկայացնել։

Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը թե՛ ինքնուրույն աշխատանքով, թե՛ Հայաստանի Հանրապետության սոցիալական աշխատողների ասոցացիայի հետ համագործակցության շրջանակններում գնահատել է ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների կարիքները: Դրանք, ինչպես մեր հարցին ի պատասխան նշել է Շտաբի պետը, բազմաբնույթ են։ Վերջինս, սակայն, առանձնացնում է հատկապես սոցիալական նվազագույն ապահովվածությունը (այն է՝ սնունդ, կոմունալ ծախսեր եւ վարձավճար), եւ ժամանակավոր աշխատանքի ապահովումը՝ մինչեւ այդ մարդիկ Արցախի Հանրապետության տարածքում ստանան բնակարաններ․ «Հետեւաբար, ակնկալում ենք ՀՀ եւ ԱՀ կառավարությունների համատեղ ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական տարբեր ծրագրերի ընդունմամբ մեղմել արցախցիների առօրյա հոգսերը»,- նշել է Վիրաբյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունից էլ ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվել է 91 հազար 716 անձ (Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալը՝ 96 հազար տեղահանված, վերաբերում է 2020-ի սեպտեմբերի 27-ից 2021-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը,- հեղ․

Արցախից տեղահանված եւ Հայաստան ժամանած անձինք «փախստականի» իրավական կարգավիճակ չունեն, քանի որ, ինչպես մեկնաբանում են Ծառայությունից, «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ այս Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ ինքն ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող․ 

«Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի եւ չափանիշների ձեռնարկ»-ի 144-145 -րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, որոնք կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ եւ որոնք ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որեւէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)»,- մանրամասնել են Միգրացիոն ծառայությունից։ 

Այսինքն՝ Արցախից տեղահանվածները չունեն փախստականի իրավական կարգավիճակ, սակայն դիտարկվում են փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ։

Վերջերս էլ՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների միջեւ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ արցախցիների սոցիալական ապահովության խնդիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ որ իրենք մշտապես կապի մեջ են ինչպես Հայաստանում տեղակայված մեր հայրենակիցների, այնպես էլ Արցախի գործընկերների հետ։

Ի դեպ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած Արցախի Հարապետության քաղաքացիների հաշվառում չի իրականացնում։ Օպերատիվ շտաբից մեզ հայտնեցին, որ անհրաժեշտ տեղեկությունները իրենք են տրամադրում նախարարությանը։ ԱՍՀ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է արցախահայության աջակցության սոցիալական միջոցառումները, կոմունալ կացարաններում ժամանակավոր բնակեցված քաղաքացիների կարիքների գնահատման գործընթացը։ 

Ի հավելումն՝ նշենք, որ պատերազմից հետո ՀՀ կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության ծրագրեր։ Դրանցից շատերին դիմելու ժամկետներն արդեն ավարտվել են, սակայն արդեն արված եւ գործարկվելիք ծրագրերի մասին տեղեկությունները հասանելի են ՀՀ կառավարության կայքում եւ ՀՀ ԱՍՀ նախարարության կայքում։ 

Այս տարվա հոկտեմբերի 28-ից Սոցհարցերի նախարարությունը սկսել է դիմումներ ընդունել Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության ծրագրի շրջանակում։ Դիմումը ներկայացնելու կարգը մանրամասն՝ այստեղ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել