Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմներինը կմնա նույնը |armenpress.am|
10:30 - 03 նոյեմբերի, 2021

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմներինը կմնա նույնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազեցնել 34.5 տոկոսով, նախագահի աշխատակազմի և ԱԺ-ի բյուջետային հատկացումները կմնան գրեթե նույնը: 

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացում:

«2022-ի պետբյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի մասով նախատեսված է 1 ծրագրի իրականացում, որում ներառված են երկու միջոցառումներ: Պետբյուջեի նախագծով առաջարկված ֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 602.5 մլն դրամ, 2021-ի հաստատված բյուջեով նախատեսված է եղել 1 մլրդ 601.2 մլն դրամ: Ֆինանսավորումը գրեթե նույն ծավալով է, որքան նախատեսված է եղել 2021-ի համար»,-ասաց նախարարը:

ԱԺ-ի 2022 թվականի պետբյուջեով նախատեսված ծախսերի գումարը պետք է ֆինանսավորի մեկ ծրագիր, որում ընդգրկված են 5 միջոցառումներ: Ֆինանսավորման գումարը նախագծով կազմում է 5 մլրդ 992 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեով 6 մլրդ 90 մլն դրամի դիմաց: Բյուջեն գրեթե առանց փոփոխության է մնացել:

Վարչապետի աշխատակազմը 2022-ի ընթացքում կիրականացնի թվով 11 ծրագիր, որից 2-ը՝ սփյուռքի գծով: 11 ծրագրերում ներառված են 45 միջոցառումներ:

«Ունենք 11 ծրագրեր, որոնք 2022-ի պետբյուջեի նախագծում ֆինանսավորելու են 19 մլրդ 675 մլն դրամ ծախսեր՝ 2021-ի համար հաստատված բյուջեով 30 մլրդ 24 մլն դրամի դիմաց: Նվազեցում կա 34.5 տոկոսով: Դա մասամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բազմաթիվ ծրագրեր և դրանց կազմում ներառված միջոցառումներ, որոնք նախորդ տարի իրականացվում էին վարչապետի աշխատակազմի կողմից, 2022-ի ընթացքում պետք է իրականացվեն այլ գերատեսչությունների կողմից»,-ասաց Խաչատրյանը:

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել