Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները․ Գնել Սանոսյան |hetq.am|
14:57 - 02 նոյեմբերի, 2021

Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները․ Գնել Սանոսյան |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այն կարծիքին է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն անհրաժեշտություն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

«Անկախ նրանից` այդ պրոցեսում կլինեն ցավոտ հատվածներ թե ինչ, բայց որ հստակեցման կարիք կա, կարծում եմ` համաձայն եք: Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները, դա լավ է թե վատ, այլ հարց է, բայց պետք է լինի հստակ, ու մեր առջև նպատակ դնենք այդ սահմաններում հզորանալ»,-ասաց նա:

Նախարարն օրեր առաջ է Սյունիք գնացել, նախ Տաթև-Աղվանիով, ապա վերադարձել Գորիս-Կապան միջպետական ճանապարհով: Ասում է հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարհը պետք է դիտարկեր, դրա համար է այդպես գնացել: Իսկ Գորիս-Կապան ճանապարհով վերադառնալիս  որևէ ռեալ վտանգ չի նկատել: Ասում է` չի էլ ֆիքսել, որ ոստիկանները կամ սահմանապահներն ուղեկցել են մեքենաներին:

Դիտարկմանը, թե ստացվում է կառավարությունն այդ միջպետական ճանապարհին այլընտրանքային ճանապարհ է կառուցել և այդ կերպ հրաժարվում է Մ2 -ից, նախարարը չհամաձայնեց:

«Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այն մեր ճանապարհն է` բացառությամբ երկու հատվածի, որոնք վիճարկվում են»,-ասաց նա: Նախարարը հիշեցրեց նաև, որ կառավարությունը կառուցել է այլընտրանքային այլ ճանապարհներ ևս, որոնցով հնարավոր է մեկնել Շուռնուխ, Որոտան: Ըստ Սանոսյանի` մտադրություն կա վիճարկվող ոլորաններին շրջանցող ճանապարհներ ևս կառուցել: Տաթև-Լծեն ճանապարհն էլ հիմնականում կառուցվում է նրա համար, որ բեռնատարները ոլորաններով չերթևեկեն, բացի այդ` ավելի քիչ հեռավորությամբ Սիսիան մեկնեն:

Սանոսյանը այդպես էլ չհստակեցրեց, թե սահմանագծումն ու սահմանազատումը խորհրդային որ թվականների քարտեզներով են իրականացվելու, սակայն ընդգծեց` պետք է իրավական հստակ կարգավիճակ ունենա և ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

«Խաղաղ ապրելու ու զարգանալու համար կարևոր դերակատարում ունի սահմանների հստակեցումը, որ անընդհատ սահմանային վեճեր չունենանք, ինչ-որ մեկի մեքենային չհարվածեն: Այդ երևույթից (նկատի ունի սահմանագծում, սահմանազատում. հեղ.)պետք չէ վախենալ, խուսափել, նույնիսկ եթե մեկ-երկու տեղով էլ ցավոտ բան լինի, ավելի լավ է ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանը, քան անընդհատ ինչ-որ միջադեպեր ունենալ»,-ասաց Սանոսյանը:

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել