Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության «առեղծվածը»
19:33 - 04 նոյեմբերի, 2021

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության «առեղծվածը»

Հոկտեմբերի 27-ին «Ազատություն» ռադիոկայանի լրատվական կայքը «Բաքվում ԱՄՆ դեսպանը «Զանգեզուրի միջանցքը» պատկերացնում է որպես «տարածաշրջանային համագործակցության միջանցք»» վերտառությամբ նյութ էր հրապարակել՝ հղվելով «Ապա» լրատվական գործակալության հրապարակմանը։ Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ դեսպանը, մեկնաբանելով «զանգեզուրյան միջանցքի բացման» հարցը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը։

Ֆեյսբուքյան իր էջում նշված հրապարակմանն արձագանքեց ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը։ Վերջինս հրապարակել է երկու լուսանկար, որոնցից մեկը «Ազատություն» ռադիոկայանի նյութն է, իսկ մյուսը, ըստ նրա, հավանաբար նյութի բնօրինակը, որտեղ չի եղել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Հրապարակման հեղինակը նշում է, որ «Ազատություն» ռադիոկայանը տարածում է ադրբեջանական պրոպագանդան և չի ճշտում նյութի իսկությունը։

Հրապարակման հեղինակի տեղադրած լուսանկարում ադրբեջանական «Report» լրատվական գործակալության լուրն է, համաձայն որի, դեսպանն ասել է, թե ԱՄՆ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի հաստատմամբ։

«Դա վերաբերում է ցամաքային, երկաթուղային և օդային տրանսպորտին։ Մենք աջակցում ենք քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսական զարգացմանը»,- նշել է դեսպանը և հավելել․ «Միացյալ նահանգները շարունակում է բանակցել կողմերի հետ այս քայլերի զարգացմանը նպաստելու համար»։

Այս լուրը նույնպես հոկտեմբերի 28-ին «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր՝ հղվելով «Թուրան» լրատվական գործակալությանը։

Ի՞նչ է ասել ԱՄՆ դեսպանը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը հոկտեմբերի 27-ին այցելել է Գյանջա՝ հանդիպելու քաղաքային իշխանությունների հետ, ելույթ ունենալու USAID-ի միջոցառմանը և ավելին իմանալու Գյանջայի մշակույթի և պատմության մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգից։ ԱՄՆ դեսպանի՝ Գյանջա կատարած այցից տեսանյութեր չկան․ միայն ադրբեջանական լրատվական կայքերում առկա հրապարակումներն են և դեսպանատան թվիթերյան միկրոբլոգի թվիթները։ 

Համաձայն «Ապա» գործակալության հրապարակման՝ դեսպանն ասել է․ «Արագ տեմպերով վերականգնողական աշխատանքների իրականացումը շատ դրական է։ Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից, տարածաշրջանային համագործակցության միջանցքներից՝ մենք ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ն շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի հաստատման հարցով․ դա կարող է լինել ցամաքային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ»։

Իսկ ըստ «Report» գործակալության հրապարակման՝ դեսպանը նշել է․ «Միացյալ նահանգները շատ հետաքրքրված է Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի կառուցմամբ։ Դա վերաբերում է ցամաքային, երկաթուղային և օդային տրանսպորտին։ Մենք աջակցում ենք քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսական զարգացմանը»։

Երկու հոդվածների վերջում էլ մեջբերվում է դեսպանի ուղղակի խոսքից հատված, համաձայն որի, Միացյալ նահանգները  շարունակում է բանակցությունները կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա զարգացմանն ուղղված քայլերում։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ երկու հոդվածներն էլ վերաբերում են դեսպանի այն խոսքերին, որոնք նա ասել է Գյանջա կատարած այցի շրջանակներում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

—————————————————————————————————————————

Եթե դիտարկենք ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն ըստ ժամանակագրության, ապա սկզբում հրապարակվել է «Ապա» գործակալության լուրը, որից մոտ 20 րոպե հետո հրապարակվել է «Report» գործակալության լուրը։  

Այնուամենայնիվ՝ ԱՄՆ դեսպանն իր խոսքում չի օգտագործել «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը։ Համաձայն «Ապա» գործակալության հրապարակման՝ դեսպանը պատասխանել է «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցին։ Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի լուրի սկզբնաղբյուրին, այն «Report» լրատվական գործակալության լուրը չէ, քանի որ հրապարակման մեջ նշված սկզբնաղբյուրը փաստացի առկա է։ Բացի դրանից «Report» լրատվական գործակալությունը լուրը հրապարակել էր ավելի ուշ, քան «Ապա» գործակալությունը։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել