Մարինա Խաչատրյանը սխալվում է․ պատվաստանյութերը «Դելտա» շտամով վարակվելիս արդյունավետ են հոսպիատալացման ու մահվան դեմ և չեն կարող վարակել մարդկանց
16:47 - 29 հոկտեմբերի, 2021

Մարինա Խաչատրյանը սխալվում է․ պատվաստանյութերը «Դելտա» շտամով վարակվելիս արդյունավետ են հոսպիատալացման ու մահվան դեմ և չեն կարող վարակել մարդկանց

«Առողջ հանրություն» հասարակական կամակերպության նախագահ  Մարինա Խաչատրյանը հոկտեմբերի 27-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հարց է բարձրացնում, թե ինչու է պետք պատվաստվել, եթե հիմա գերիշխում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը, իսկ պատաստանյութերը նախորդ շտամի դեմ են։

Նույն գրառման մեջ Մարինա Խաչատրյանը պնդում է, թե բոլոր պատվաստվածները պատասխանատու են հիվանդության տարածման համար․ «Դուք դարձել եք հիվանդության զարգացման ու տարածման ակտիվ աղբյուր, ու դու՛ք եք մարդկանց վարակում։ Երբ որ սա գիտակցեք, վազելով կգնաք տուն, կմտնեք մի թաքուն տեղ ու երկու շաբաթ այդտեղից դուրս չեք գա»։ 

Գրառումը տարածվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նաև հրապարակվել սունկ կայքերում։

Անդրադառնանք Խաչատրյանի պնդումներին առանձին-առանձին։

 

Ինչո՞ւ պատվաստվել «Դելտա» շտամի առկայության պայմաններում

Նախ հասկանանք, թե ինչեր են կորոնավիրուսի տարբեր շտամերը։ Կորոնավիուսը կամ SARS-CoV-2-ը, ինչպես այլ վիրուսներ, տարածվում է՝ վարակված մարդու օրգանիզմում բազմանալով։ Բազմանալու ընթացքում վիրուսը, այսպես ասած, պատճենում է իր գենոմը (օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն), սակայն երբեմն պատահում է, որ բազմանալու ընթացքում վիրուսի գենոմում որոշ փոփոխություններ են կատարվում։ Եվ հազվադեպ է պատահում, որ վիրուսի բազմացման ընթացքում առաջացած նոր տարբերակները փոխում են վիրուսը՝ դարձնելով այն ավելի հեշտ տարածվող կամ ավելի ծանր հետևանքներ առաջացնող։ Հենց այդպիսի փոխոխության արդյունք է կորոնավիրուսի հայտնի «Դելտա» շտամը։

Երբ տարբեր երկրներում սկսեցին կիրառվել օգտագործման թույլտվություն ստացած պատվաստանյութերը, «Դելտա» շտամը դեռևս դոմինանտ չէր։ Կլինիկական փորձարկումների շրջանում պատվաստանյութերի ցույց տված արդյունավետությունը չէր վերաբերում այս շտամին։ Սակայն դա չի նշանակում, որ ներկայումս օգտագործման թույլտվություն ստացած պատվաստանյութերն անարդյունավետ են «Դելտա» շտամի դեմ։ Infocom-ը պատվաստանյութերի արդյունավետության մասին պատմող հոդվածում այս հարցին արդեն անդրադարձել է։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է․ «Տարբեր երկրներում, որտեղ դոմինանտ է «Դելտա» շտամը, հետազոտությունները ցույց են տալիս՝ ավելի քիչ է հավանականությունը, որ պատվաստված մարդիկ կհայտնվեն հիվանդանոցում»։

Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նշում է, որ ԱՄՆ-ում կիրառվող պատվաստանյութերը («Մոդեռնա», «Պֆայզեր», «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութ) բոլոր շտամերի դեպքում (այդ թվում՝ «Դելտայի») մեծ արդյունավետություն ունեն մահվան և հոսպիտալացման դեմ, չնայած «Բետտա», «Գամմա» և «Դելտա» շտամերի դեպքում վարակի և սիմպտոմատիկ հիվանդության դեմ արդյունավետությունն ավելի քիչ է, քան «Ալֆա» շտամի դեպքում։

ԱՀԿ-ն նաև որոշ պատվաստանյութերի դեպքում ներկայացրել է, թե քանի տոկոս է արդյունավետությունը «Դելտա» շտամով վարակվելիս։ «Աստրա-Զենեկան», օրինակ, առաջին դեղաչափից հետո «Դելտա» շտամի դեպքում հոսպիտալացման դեմ ունի 71% արդյունավետություն, երկրորդ դեղաչափից հետո՝ 92%։

Ըստ «Սպուտնիկ-Վի»-ի (պավաստանյութը հաստատել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը) պաշտոնական կայքի տվյալների՝ պատվաստանյութն ունի 83․1%։ արդյունավետություն «Դելտա» շտամի դեմ։

Ըստ այս պատվաստանյութը ստեղծած Գամալեայի անվան ինտիտուտի տվյալների՝ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը Մոսկվայում 70% արդյունավետություն է ցույց տվել «Դելտա» շտամի դեմ պատաստումից հետո՝ երեք ամսվա ընթացքում։

Բացի ԱՀԿ-ի և առողջապահական այլ կառույցների ներկայացրած տվյալներից՝ տարբեր շտամերի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը հասկանալու համար նաև անկախ հետազոտություններ են իրականացվում։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։

«New England Journal of Medicine» գիտական ամսագրում հրապարակված հոդվածներից մեկի հեղինակներն ուսումնասիրել են Անգլիայում «Պֆայզեր» և «Աստրա-Զենեկա» պատվաստանյութերի արդյունավետությունը «Դելտա» շտամի դեպքում սիմպտոմատիկ (այսինքն՝ ախտանշաններով արտահայտված) վարակի դեմ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի դեպքում էլ «Դելտա» շտամի դեմ արդյունավետությունն ավելի քիչ է, քան «Ալֆա» շտամի դեմ։

«Պֆայզերի» երկու դեղաչափն «Ալֆա» շտամի դեմ ունեցել է 93.7% արդյունավետություն, «Դելտա» շտամի դեմ՝ 88.0% արդյունավետություն։ «Աստրա-Զենեկայի» երկու դեղաչափը «Ալֆա» շտամի դեմ ունեցել է 74.5% արդյունավետություն, «Դելտա» շտամի դեմ՝ 67.0% արդյունավետություն։

Հետազոտության հեղինակները նշում են, որ «Ալֆա» և «Դելտա» շտամերի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը քիչ է տարբերվել երկու դեղաչափ ստանալուց հետո։ Այդ տարբերությունը շատ ավելի մեծ է եղել միայն մեկ դեղաչափ ստանալու դեպքում։

Քաթարում անցկացված հետազոտություններից մեկում ուսումնասիրվել է «Պֆայզեր» և «Մոդեռնա» պատվաստանյութերի արդյունավետությունը «Դելտա» շտամի դեպքում սիմպտոմատիկ և ասիմպտոմատիկ վարակի դեմ։ Հետազոտությունը ցույց է տվել հետևյալ արդյունքները․ «Դելտա» շտամի դեմ «Պգայզերի» արդյունավետությունը եղել է 64.2% առաջին դեղաչափից 14 օր անց և 53.5%՝ երկրորդ դեղաչափից 14 օր անց։ «Մոդեռնայի» արդյունավետությունը «Դելտա» շտամի դեմ եղել է համապատասխանաբար 79.0% և 84.8%։ «Դելտա» շտամով վարակված լինելու դեպքում հիվանդության ծանր ընթացքի և մահվան ելքի դեմ արդյունավետությունը երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր անց «Պյֆայզերի» դեպքում եղել է 89.7%, «Մոդեռնայի» դեպքում՝ 100.0%։ 

Հետազոտության մեջ նշվում է, որ երկու պատվաստանյութերն էլ «Դելտա» շտամի դեպքում մեծ արդյունավետություն ունեն հոսպիտալացման և մահվան դեմ, բայց պակաս արդյունավետ են վարակը կանխելու հարցում։

Մեկ այլ հետազոտություն էլ իրականացվել է Կանադայում․ ուսումնասիրել է «Պֆայզեր», «Մոդեռնա» և «Աստրա-Զենեկա» պատվաստանյութերի արդյունավետությունը։

Հետազոտությունը ցույց է տվել հետևյալ արդյունքները․ «Դելտա» շտամի դեպքում սիմտպոմատիկ վարակի դեմ առաջին դեղաչափից հետո «Մոդեռնան», «Աստրա-Զենեկան» և «Պֆայզերն» ունեցել են համապատասխանաբար 70%, 68% և 57% արդյունավետություն։ Երկրորդ դեղաչափից հետո պատվաստանյութերն ունեցել են համապատասխանաբար 95%, 87% և 92% արդյունավետություն։

«Դելտա» շտամով վարակվելու դեպքում մահվան դեմ առաջին դեղաչափից հետո «Պֆայզերը», «Մոդեռնան» և «Աստրա-Զենեկան» համապատասխանաբար ունեցել են 81%, 90% և 91% արդյունավետություն, երկրորդ դեղաչափից հետո պատվաստանյութերի արդյունավետությունը 90%-ից բարձր է եղել։

Հավելենք, որ Քաթարում և Կանադայում անցկացված հետազոտությունները դեռևս չեն գրախոսվել։ Գիտական հոդվածները նախ անցնում են գրախոսություն, այսինքն՝ ոլորտի այլ գիտնականներ կարդում են դրանք, կարծիք հայտնում, որից հետո հեղինակներն, ըստ անհրաժեշտության, կարող են փոփոխություններ անել։ Գրախոսություն անցնելուց հետո պարզ կլինեն այս երկու հետազոտությունների վերջնական արդյունքները։

 

Պատվաստանյութերը մարդկանց չեն վարակում

Ինչ վերաբերում է Մարինա Խաչատրյանի այն պնդմանը, թե պատվաստված մարդիկ դարձել են հիվանդության զարգացման ու տարածման ակտիվ աղբյուր, ապա այս պնդումը կեղծ է։ Infocom-ն իր նախորդ հոդվածներից մեկում արդեն անդրադարձել է այն հարցին, որ ներկայումս կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխարհում և Հայաստանում օգտագործվող պատվաստանյութերից ոչ մեկը կենդանի չէ, այսինքն՝ չի պարունակում վիրուսի կենդանի, սակայն թուլացած հատված։ 

Ի-ՌՆԹ տեխնոլոգիայով պատրաստված պատվաստանյութերը՝ «Պֆայզերը» և «Մոդեռնան», պարունակում են ինֆորմացիոն ՌՆԹ մոլեկուլ, որի տված «հրահանգների» միջոցով մեր օրգանիզմը արտադրում է հատուկ սպիտակուց։ Կորոնավիրուսը հենց այդ սպիտակուցի միջոցով է ներթափանցում մեր բջիջներ։ Պատվաստվելուց հետո մեր օրգանիզմն այդ սպիտակուցի դեմ հակամարմիններ է ստեղծում, որոնք հետագայում մեզ պաշտպանում են վարակվելուց։

Մյուս պատվաստանյութերի պատրաստման տեխնոլոգիան այլ է․ դրանք պարունակում են նշված սպիտակուցի որևէ անվնաս հատված, որն էլ մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերից ոչ մեկը չի կարող մարդուն վարակել, հետևաբար պատվաստված մարդիկ ո՛չ վարակի կրող են, ո՛չ էլ տարածող։

Ամփոփելով նշենք, որ Մարինա Խաչատրյանի հարցը, թե ինչու է պետք պատվաստվել, եթե հիմա տարածված է «Դելտա» շտամը, ունի շատ պարզ պատասխան․ պատվաստանյութերի արդյունավետությունը նվազում է «Դելտա» շտամի առկայության պայմաններում, սակայն ԱՀԿ-ի, առողջապահական այլ կառույցների, ինչպես նաև անկախ հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը «Դելտա» շտամով վարակվեու դեպքում արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեմ։ 

Իսկ պնդումը, թե պատվաստված մարդիկ հիվանդության զարգացման ու տարածման ակտիվ աղբյուր  են, կեղծ է․ պատվաստվելուց հետո հնարավոր է բնական ճանապարհով վարակվել, սակայն պատվաստանյութերը կորոնավիրուսային հիվանդություն առաջացնել չեն կարող։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել