Իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի. Ավանեսյանը պահանջում է Վարդևանյանից ներողություն խնդրել |armtimes.com|
13:22 - 28 հոկտեմբերի, 2021

Իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի. Ավանեսյանը պահանջում է Վարդևանյանից ներողություն խնդրել |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց նաև՝ երեկ պատգամավորներից մեկը իր հասցեին անվայել արտահայտություններ է թույլ տվել, ինքը բոլոր իրավական գործիքները կիրառելու է:

«Տղամարդուն և պատգամավորին անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին և ես հրապարակավ պահանջում եմ, որպեսզի նա ներողություն խնդրի, և իմ կողմից հնարավորինս բոլոր իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի իր կողմից թույլ տրված արտահայտությունների համար»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ պատգամավորը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն է:

Երեկ Ազգային Ժողովում հարց ու պատասխանի ընթացքում Վարդևանյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է՝ պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հարցն այն է, որ դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլև լկտի վարքագիծ է պաշտոնի նկատմամբ»,–մասնավորապես ասել է նա` հավելելով, որ նախարարն անգործության է մատնում այս հարցը։

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։

Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։

Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել