Կդադարեցվի «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը
12:36 - 28 հոկտեմբերի, 2021

Կդադարեցվի «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը

ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ․ հունվարի 1-ից կդադարեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը: 

Նախագիծը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծի ընդունվելու դեպքում 2022թ․ կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ։

«Բայց այս նախագիծը գումարի խնայողության մասին չէ, սա շատ կարեւոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար։ Ունենք 12 ՔԿՀ, եւ եթե այս նախագիծն արժանանա հավանության, ապա մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով եւ որոնց պայմանները լավանցելով, կառավարումը լավացնելով՝ կկարողանանք հետագայում ավելի օպտիմալացնել համակարգը, լուծել մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, լուծել այդ համակարգում աշխատողների մի շարք կարեւոր հարցեր»,- նշեց Անդրեասյանը։

Նրա հայտնեց, որ այժմ ունենք 5346 լրակազմ, այսինքն՝ տեղ, որտեղ կարող են պահվել ազատազկվածները, բայց այն համալրված է 2113-ով, եւ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը․ «Սա իհարկե հետեւանք է վերջին տարիների տքնաջան, քրեական արդարադատության ոլորտում արված մի շարք բարեփոխումների եւ աշխատանքների, քանի որ դրանք եղել են շատ մարդակենտրոն, ունեցել ենք այսպիսի բեռնաթափում։ Համեմատության համար ասեմ՝ օրինակ, որ տարիներ առաջ ունեինք 4530 կալանավոր եւ դատապարտյալ, իսկ հիմա թիվը գրեթե կեսն է»։

Ամփոփելով՝ նախարարը ասաց, որ կա խնդիր, որ 280 հաստիքի կրճատում է լիենլու, սա կարող է առաջացնել որոշակի դժգոհություններ առանձին քաղաքացիների մոտ, բայց խնդիր կա որոշակի վեթթինգ իրակացնելու նաեւ ՔԿՀ-ում․ «Այդ 280 մարդուց 70-ը տեղափոխվելու է այլ ՔԿՀ՝ աշխատանքի, 50-ը՝ պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում։ Մենք էստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատելու այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել, կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ արդեն պրոֆեսիոնալ գործող մեր ՔԿՀ աշխատակիցների համար»։

Նիկոլ Փաշինյանը եւս շեշտեց, որ ՀՀ-ում կալանավորված եւ դատապարտված անձանց պատմական մինիմումն է․ «Բավական երկար ժամանակ մենք ունենք նման իրավիճակ, եւ սրա շնորհիվ է, որ այսօր այս որոշումը կարողանում ենք կայացնել, որովհետեւ եթե մեր կալանավորված եւ դատապարտված մարդկանց թիվը լիներ մեծ, այս որոշումը չէինք կարող կայացնել»։ 

Փաշինյանը հավելեց, որ ՔԿՀ-ների մի մասում, մասնավորապես՝ «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ներում դատապարտված անձինք պահվում են անմարդկային պայմաններում։ Նա նշեց, որ ՔԿՀ-ները, ցավոք սրտի, շատ երկար ժամանակ, նաեւ հիմա հանցագործ արտադրող ձեռնարկություններ են՝ հավելելով, որ պետք է առնվազն քրեակատարողական նոր հիմնարկ ստեղծելու խնդիր լուծեն առաջիկայում։ 

Փաշինյանը անդրադարձավ նաեւ ՔԿՀ-ներում սննդի հարցին՝ ընդգծելով, որ սնունդը արժանապատիվ է հիմա, եւնախկինում այդպես չի եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել