Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ
15:55 - 29 հոկտեմբերի, 2021

Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Պատերազմից հետո եւ հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին տարբեր քաղաքական գործիչներ կարծիքներ էին հայտնում, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերագնահատման եւ խորացման լուրջ հնարավորություն է ստեղծվել։ Խոսվում էր նաեւ ռազմական համագործակցության եզրերի մասին այն պնդումներով, որ ի վերջո պետք է բացի ՌԴ-ից նաեւ այլ պետությունների հետ համագործակցել։

Այդ կարծիքների համար, ըստ ամենայնի, հիմք էին դարձել նաեւ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներթափանցումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան զորակից է Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում, եւ որ Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ազգային ժողովում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մակրոնը ոչ միայն վերջին սահմանային լարվածության հարցն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։

Այս տարվա հուլիսին Հայաստանում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը ասել էր, որ Ֆրանսիան, բնականաբար, պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրեն ուղղված բոլոր հայտերը՝ պաշտպանության ոլորտում համագործակցության առնչությամբ։ Միեւնույն ժամանակ, սակայն, Լաքոտը շեշտել էր, որ պետք է հաշվի առնել Ֆրանսիայի եւ Հայաստանի՝ միևնույն ռազմական ալյանսների անդամ չլինելու իրողությունը (Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի,- հեղ․

Infocom-ը ՀՀ պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարություններից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից փորձեց ճշտել՝ երկկողմ համագործակցության ինչ առաջարկներ են եղել Հայաստանից եւ Ֆրանսիայից, համագործակցությունները որ ոլորտներում են խորացել կամ ինչ հնարավորություններ են քննարկվել՝ նոյեմբերի 9-ից մինչ օրս։

Դեսպանությունից, շրջանցելով քաղաքական կամ ռազմական համագործակցության հնարավոր առաջարկների մասին հարցը, պատասխանել են, որ Ֆրանսիան շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որոնք ամրանում են հատկապես կրթության, առողջապահության, մշակույթի, ժառանգության և տեխնիկական գործակցության ոլորտներում ունեցած հագեցած համագործակցությամբ․ «Աշխատում ենք էլ ավելի ամրապնդել տնտեսական հարաբերությունները, որոնք թեև նշանակալի են (Ֆրանսիան Հայաստանում ներդրումներ կատարող 2-րդ երկիրն է), սակայն կարող են աշխուժացվել մասնավորապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տնտեսական և ներդրումային պլանի հետ համատեղ»,- ասված է մեր հարցման պատասխանում։ Ի հավելումն՝ շեշտել են, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ շրջանակում ներգրավված պետություններից է՝ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ և Ռուսաստանի հետ միասին նպաստելու Հարավային Կովկասում կայունացման գործընթացին։ 

Իսկ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ Ֆրանսիայից նոյեմբերի 9-ից հետո ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չեն եղել։ Սակայն, ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 9-ից առ այսօր տեղի են ունեցել մի շարք համապատասխան հանդիպումներ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, ռազմական կցորդի և Ֆրանսիայի ՊՆ ներկայացուցիչների միջև: Ֆրանսիական կողմը, նախարարության փոխանցած տեղեկության համաձայն, հայտնել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման պատրաստակամության մասին: 

Նույն ժամանակահատվածում Ֆրանսիական կողմի հետ քննարկումների ընթացքում Հայաստանից ներկայացվել են առաջարկություններ՝ մեզ համար առաջնային համագործակցության ուղղությունների վերաբերյալ, սակայն ՊՆ-ն հավելյալ տեղեկություններ չի տվել այդ առաջարկների մասին՝ նշելով, որ դրանք դեռևս գտնվում են քննարկման փուլում և գաղտնիք են պարունակում։

ՊՆ-ից արձանագրել են, որ 2010 թվականից գործում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնությունը»․ համաձայն այդ փաստաթղթի՝ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է համագործակցության ամենամյա պլանների համաձայն, բացի դրանից՝ անցկացվում են կանոնավոր խորհրդակցություններ՝ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Իսկ ահա էկոնոմիկայի նախարարությունից ստացած պատասխանից տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի ոլորտում 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրվել է «Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման» ծրագրի Ֆինանսավորման համաձայնագիրը․ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, որի իրականացումը, ինչպես նշել են նախարարությունից, կատարվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ: Այդ ծրագիրն ուղղված է ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ լուծումների ապահովմանը, կարողությունների զարգացմանը, կոոպերատիվների ստեղծմանը և զարգացմանն աջակցելուն, խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը: 

Ի հավելումն՝ Էկոնոմիկայի նախարարությունից տրամադրել են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները` Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2020 և 2021 թվականներին առևտրաշրջանառության, ինչպես նաև 2020 թվականին Հայաստանից Ֆրանսիա արտահանված և Ֆրանսիայից Հայաստան ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակների վերաբերյալ: Այդ ապրանքատեսակների ցանկն արտացոլում է Հայաստանի եւ Ֆրանսիայի որոշ նախընտրելի ոլորտները՝ տնտեսական համագործակցության համար։

Այդպիսով Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 46,1. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,8%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 41,6 մլն.ԱՄՆ դոլար): 

Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2020 եւ 2021 թթ․ առաջին կիսամյակում

2021 թվականի հունվար-հունիսին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,14 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 1,95 մլն. ԱՄՆ դոլար): 

2021 թվականի հունվար-հունիսին Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 40,96 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,3%-ով (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 39,66 մլն.ԱՄՆ դոլար): 

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2020 թվականին կազմել 87,7 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,7%-ով (2019 թվականին կազմել է 92,96 մլն.ԱՄՆ դոլար): 

Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2019 եւ 2020 թթ․

2020 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,83 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 33,4%-ով (2019 թվականին կազմել է 8,76 մլն. ԱՄՆ դոլար): 

2020 թվականին Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 81,88 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,8%-ով (2019 թվականին կազմել է 84,0 մլն. ԱՄՆ դոլար):

2020 թվականին Հայաստանից Հանրապետությունից Ֆրանսիա արտահանված հիմնական 10 ապրանքատեսակներն են՝ ալյումինե նրբաթիթեղ, հագուստի առարկաներ, ուղեպայուսակ եւ ճամպրուկ,  օծանելիքի և դեղագործական նպատակով օգտագործվող բույսեր, խաղողի բնական գինի, պահածոյացված միրգ, էթիլային սպիրտ, պահածոյացված բանջարեղեն, սարքեր և ապարատուրա, ածիկային գարեջուր։

2020 թվականին Հայաստանի Հանրապետություն Ֆրանսիայից ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակները՝ կշռածրարած դեղամիջոցներ, թռչող ապարատներ, բուսական հյութ և խտահյութ, հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ, ամբար/ցիստեռն/բաք, արյուն/հակաշիճուկ/պատվաստանյութ, շիշ/բանկա/ամպուլա, օծանելիք, տրակտորներ, աարքեր թղթե զանգվածից։

Լուսանկարում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով ակցիա, 2020 թվականի հոկտեմբեր

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել