Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ
17:17 - 27 հոկտեմբերի, 2021

Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց օրեր առաջ պաշտոնապես հրապարակված հայտարարությունը, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։

Նա նշեց, որ այս պահին եւ առհասարակ քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, եւ նման հնարավոր հանդիպումների արդյունքում կլինի համաձայնեցված որեւէ տեքստի հրապարակում․

Ինչ վերաբերում է վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե նոյեմբերի 9-ին  հանդիպում է լինելու եւ ապա ստորագրվելու է փաստաթուղթ, որտեղ կետեր են լինելու դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ու տնտեսական ուղիների շրջափակման մասին, Միրզոյանը վստահեցրեց, որ նման փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում։

«Իսկ այդ հանդիպումնեը մեզ համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, դրանք եւս մեկ անգամ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան հումանիտար խնդիրների ամբողջությունը եւ ռազմագերիների, բռնի պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ ազատումը, Ադրբեջանի հսկողության տակ մնացած հայկական մշակութային ժառանգության հարցը։ Այդ հանդիպումները հնարավորություն են նաեւ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում, եւ ջանքեր գործադրելու ավելի երկարատեւ կայունություն ու խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Սա է նման հանդիպումներին հաճախելու մեր մոտիվացիան, առաջարկներ կան, բայց մամուլում քննարկվածը նախատեսված չէ»,- շեշտեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ, ընդհանրապես, բանակցությունները որոշակի գաղտնիության կոմպոնենտ ենթադրում են, բայց, ինչպես վստահեցրեց նա, փակ դռների հետեւում վարվող բոլոր բանակցություններում, խոսակցություններում բոլոր դիրքորոշումները համապատասխանում են իրենց քաղաքական թիմի, վարչապետի հրապարակավ հայտնած դիրքորոշումներին․

«Կհիշեք տարբեր հանդիպումներից առաջ շահարկումները․ ուղղակի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հանգամանքի վրա, թե բազմաթիվ այլ առիթների դեպքում ինչ շահարկումներ են եղել, հետո ինչ հայտարարություններ, եւ թե որքանով են այդ շահարկումները համապատասխանել իրականությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել