ԱԺ-ն հաստատեց «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
10:57 - 27 հոկտեմբերի, 2021

ԱԺ-ն հաստատեց «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը ընդունվեց Ազգային ժողովի նիստի ժամանակ 83 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։

Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր╗ խմբակցության քարտուղար Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ ցանկացած խնդիր, որը հանրության հետաքրքրությունների դաշտում է, պետք է պարզ, բաց եւ թափանցիկ կերպով քննվի, եւ եթե կան որոշակի հարցեր, դրանց պետք է տալ պատասխաններ։

«Ես որպես կառավարող խմբակցության քարտուղար պետք է արձանագրեմ, որ մենք ունենք բավարար քաղաքական կամք ցանկացած հարցի տալ սպառիչ պատասխաններ, բայց բնականաբար այս ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի եւ օբյեկտիվ քննության դաշտում։ Հստակորեն կարող եմ ասել, որ այս քննիչ հանձնաժողովը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հանձնաժողովի բոլոր գործառույթները։»,- ասաց նա՝ հավելելոց, որ խորհուրդ կտա ընդդիմադիր գործընկերներին զերծ մնալ քաղաքական երանգներից, որովհետեւ եթե մտնեն այդ դաշտ, կարող է պարզվել, որ նույն Հիմնադրամը տարիներ շարունակ շատ ու շատ գումարներ է վատնել, շատ ու շատ մասնավոր ընկերությունների «ատկատների» խողովակ է հանդիսացել, եւ ինչու չէ, կազինոներում խաղադրույքի հիմնական գումարն է հանդիսացել։

«Ուզում եմ նշել, որ  ցանկացած հարց, որը հանրությանը հետաքրքրում է, մեր դիտարկման եւ մեր վերլուծությունների պրիզմայի ներքո, եւ կարծում եմ, որ քվեարկությամբ եւս մեկ անգամ կհամոզվեք, որ չկան այնպիսի հարցեր, որ քաղաքական ուժի համար կարող են դառնալ խոցելի»,- ընդգծեց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում հավելեց․ «Քվեարկության է դրվել փաստացի փոփոխված, այսինքն՝ 11 անդամ նախատեսող հանձնաժողովի տարբերակը»։

Արձագանքելով Տիգրանյանի ելույթին՝ նա ասաց, որ երբ ԱԺ-ում հնչում են առաջարկներ զերծ պահել որեւէ բանը քաղաքականությունից, իր համար անընկալելի է, որովհետեւ նույնիսկ Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքները բավականաչափ քաղաքականացված էին՝ գոնե հայտարարությունների մակարդակով․ «Մեր նպատակն է մեզ պատվիրակած ՀՀ քաղաքացիների եւ մեր այստեղ չպատվիրակած քաղաքացիների հարցերին պատասխաններ գտնելը»։

Քվեարկությունից առաջ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վարման կարգով ասաց, որ շատ կարեւոր է խորհրդարանական վերահսկողության գործիքների կիրառումը, քննիչ հանձնաժողովների ձեւավորումը։ Նա նշեց, որ ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել