«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան
10:59 - 27 հոկտեմբերի, 2021

«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան

Այն բալանսը, որը Ռուսաստանը և Թուրքիան մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, դուր չի գալիս մի շարք զարգացած երկրների։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափին և դրա շուրջ վերջերս արված որոշ հայտարարությունների։

Սարո Սարոյանը կարծում է, որ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է ՌԴ-ի և Թուրքիայի՝ այլ տերությունների հետ փոխգործակցության և առճակատման հարաբերակցությունից․ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է նրանից, թե որքանով Ռուսաստանը և Թուրքիան կարող են աշխարհաքաղաքական այլ ուժերի, այլ երկրների, այլ տերությունների համոզել կամ փաստի առաջ կանգնեցնել՝ այդ ձևաչափը կյանքի կոչելու առումով։ Այն բալանսը, որ իրենք մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, չի ընդունվում այլ զարգացած երկրների կողմից, գերտերությունների կողմից։ ՌԴ-ի և Թուրքիայի խնդիրը, բնականաբար, իրենց հաստատած բալանսը ինչ-որ ձևով պարտադրել, ինչ-որ ձևով համոզել, ինչ-որ ձևով կյանքի կոչելն է»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս ձևաչափը վտանգներ է պարունակում Իրանի համար։ Ըստ նրա՝ Իրանը տարիներ հետո իր հյուսիս-արևմտյան սահմանների ողջ երկայնքով ունենալու է մի պատնեշ, որի պատճառով չի կարողանալու արտաքին աշխարհի հետ հարաբերվել։ Իսկ վտանգներին հակազդելու համար Իրանը արդեն քայլեր է ձեռնարկել․ «Իրանը, ըստ էության, ցույց տվեց, որ կարմիր գծեր կան, և երբեք թույլ չի տա, որ այդ կարմիր գծերը անցնեն։ Դրանք կապված են Սյունիքի հետ և Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ։ Այդ տեսանկյունից ստվերում ուրիշ բան չկա, ինչ ցուցադրել է վերջին 2-3 ամսվա ընթացքում, հենց դա է։ Իրանը շատ լավ հասկանում է, որ վարագույրի ետևում բոլոր այլ կոնֆիգուրացիաները իր դեմ են լինելու։ Իրանը չի կարող այլ բան անել, եթե ոչ պաշտպանել այն ստատուս-քվոն, որը հիմա կա Հարավային Կովկասում, սրանից ավելի ստատուս-քվոյի փոփոխությունը իր անվտանգության համար լուրջ մարտահրավեր է»։

Սարո Սարոյանի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը բացասաբար է ընկալվում նաև Արևմուտքի երկրների կողմից․ «Տեսել ենք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի ուղղակի գործողությունները։ Հայոց ցեղասպանության ընդունումը նույնպես այդ կոնտեքստում պետք է դիտարկել։ Բոլորն էլ հասկանում են, որ դա քաղաքական, ոչ թե բարոյական ակտ էր և առաջին հերթին Թուրքիային էր ուղղված։ Այս տեսանկյունից էր պետք հասկանալ՝ ինչ խնդիր կար, որ իրենք Ցեղասպանությունը ճանաչեցին։ Իսկ խնդիրը կապված է Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման ընդհանուր քաղաքական գծի հետ։ Իրենք փորձում են ամեն կերպ խոչընդոտել նման կարգի զարգացումները»։

Քաղաքագետը նշում է նաև, որ ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է տապալել «3+3» ձևաչափը․ «ԱՄՆ-ն հիմա շատ ակտիվ է, և, ըստ էության, Վրաստանում ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայելու խնդիր է առաջ եկել։ Դա «3+3»-ը տապալելու մեխանիզմ է, որը իրենք գործարկում են։ Այն բալանսը, որը Ռուսաստանը ու Թուրքիան հաստատել են և ուզում են ներգրավվել նաև Իրանին, ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է դրա դեմն առնել, բլոկել»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ վտանգներ կարող է պարունակել այս ձևաչափը Հայաստանի համար, Սարոյանն ասում է, որ ձևաչափի պտուղները, այն է՝ մեծ տերությունների կողմից Հարավային Կովկասի փոքր տերություններին իրենց որոշումները պարտադրելը, մենք արդեն քաղել ենք․ «Այդ դասավորության մեջ փոքրերը ինչ-որ խնդիր լուծելու համար պետք է նայեն որևէ պետությանը և փորձեն իրենից աջակցություն ստանալ։ Հայաստանը պետք է նայի Ռուսաստանին, Ադրբեջանը պետք է նայի Թուրքիային, Վրաստանը չգիտի՝ ուր պետք է նայի, դրա համար այդքան էլ շահագրգռված չի։ Այս դեպքում նշանակում է, որ Հայաստանի խնդիրները պետք է լուծի Ռուսաստանը, Ադրբեջանի խնդիրները՝ Թուրքիան։ Ստացվում է՝ իրենք իրար մեջ պետք է առևտուր անեն և իրենց որոշումը ներկայացնեն Հայաստանին, Հայաստանը այդտեղ ոչինչ չի կարող շահել։ Սա է ձևաչափի ամբողջ իմաստը»։

Նրա խոսքով՝ այս ձևաչափը տեսքի է բերելու այն համաձայնությունները, որոնք կայացվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ «Դա ընդամենը որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է՝ ասելու համար, որ կողմերն են այդպես ցանկացել, և տարածաշրջանում բոլոր երկրները գոհ են։ Իրականում այդ ձևաչափը Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ համաձայնությունների և որոշումների խնդիրն է լուծում»,-ասում է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը և Թուրքիան այլոց շահերը մանրադրամի վերածելով, սեփական շահերն են սպասարկում։

Ամփոփելով՝ քաղաքագետը նշում է՝ մեծ հավանականություն կա, որ այս ձևաչափը կտապալվի, որովհետև որքան էլ Թուրքիան ու Ռուսաստանը ինտենսիվորեն աշխատում են և փորձում են Հարավային Կովկասը դարձնել իրենց որոշումների կայացման տարածաշրջան, այնուամենայնիվ, մյուս երկրների կողմից կա մեծ հակազդեցություն։

Տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափ ստեղծելու մտադրության վերաբերյալ հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Ռուսաստանը աջակցել է այս նախաձեռնությանը։

Հնարավոր ձևաչափում ընդգրկվելու են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, անդրադառնալով այս ձևաչափին, ասել էր, որ մինչև նոր ձևաչափի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը, պետք է կատարի 2008 թ․-ի հրադադարի համաձայնագիրը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը այդ ձևաչափի հնարավորինս արագ գործարկման հույս ունի, և Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել այդ ձևաչափի ստեղծմանը։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել