Ճապոնիան չի դադարեցրել  «Մոդեռնա» պատվաստանյութի օգտագործումը․ հայկական լրատվամիջոցները շփոթեցնում են
17:57 - 26 հոկտեմբերի, 2021

Ճապոնիան չի դադարեցրել «Մոդեռնա» պատվաստանյութի օգտագործումը․ հայկական լրատվամիջոցները շփոթեցնում են

Այս տարվա հոկտեմբերի 14-ին որոշ հայկական լրատվամիջոցներ՝ Lurer.com-ը, Iravunk.com-ը, հղում անելով BBC-ին, գրել էին, որ Ճապոնիան դադարեցնում է «Մոդեռնա» պատվաստանյութի  օգտագործումը։ Լուրը արտատպել էին նաև որոշ սունկ կայքեր։

Դեռևս օգոստոսին հրապարակված տեղեկությունը լրատվամիջոցները ներկայացրել են գրեթե 2 ամիս անց՝ հոկտեմբերի 14-ին՝ ոչինչ չգրելով հաջորդած իրադարձությունների մասին։  

Համոզվելու համար, որ Ճապոնիայում «Մոդեռնա» պատվաստանյութի օգտագործումը չի դադարեցվել, կարելի է դիտարկել այդ երկրի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, որտեղ հասանելի պատվաստանյութերի թվում նշվում է նաև «Մոդեռնայի» անունը։

BBC-ն այս տարվա օգոստոսի 26-ին հրապարակված հոդվածում գրել էր, որ Ճապոնիան դադարեցնում է «Մոդեռնա» պատվաստանյութի երեք խմբաքանակների  (ընդհանուր առմամբ 1.63 միլիոն դեղաչափ) օգտագործումը՝ դրանում օտարածին նյութեր հայտնաբերելու պատճառով։ Ըստ Ճապոնիայի իշխանությունների՝ խնդիրն առաջացել է Իսպանիայի դեղագործական գործարանում, որտեղ արտադրվել է պատվաստանյութը։ 

2 օր անց՝ օգոստոսի 28-ին, Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հայտնեց, որ երկու մարդ է մահացել  «Մոդեռնայով» պատվաստվելուց հետո։ Նշվում էր նաև, որ որևէ կերպ չի հաստատվել, որ մարդկանց մահը կապ ունի պատվաստվելու հետ։ Նույն օրը  «Մոդեռնան» և Ճապոնիայում պատվաստանյութի վաճառքի և տարածման համար պատասխանատու «Takeda Pharmaceutical» ընկերությունը հայտնեցին, որ հետաքննություն են սկսում՝ պարզելու, թե ինչն է դարձել մարդկանց մահվան պատճառը։

Հետաքննության արդյունքները հրապարակվեցին օրեր անց․  «Մոդեռնան» հայտարարեց, որ Ճապոնիա ուղարկված պատվաստանյութերի խմբաքանակներում  չժանգոտվող պողպատի մասնիկներ են հայտնաբերվել: «Մոդեռնան» և «Takeda Pharmaceutical»-ը նշել էին, որ աշխատում են Ճապոնիայի իշխանությունների հետ՝ ետ կանչելու պատվաստանյութերի 3 խմբաքանակները։ 

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 1-ին, «Մոդեռնան» և «Takeda Pharmaceutical»-ը, ևս մեկ նմանօրինակ համատեղ հայտարարություն տարածեցին, որում նշվում էր, որ ետ կանչված խմբաքանակներից մեկում չժանգոտվող պողպատի մասնիկների հազվագյուտ առկայություն է հայտնաբերվել, և դա  մարդու առողջության համար մեծ վտանգ չի ներկայացնում:

Այսպիսով, «Մոդեռնայի» օգտագործումը Ճապոնիայում չի դադարեցվել, պատվաստանյութի միայն երեք խմբաքանակների հետ կապված է խնդիր առաջացել։ 

Վերջերս  պարզվեց, որ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը քննարկում է մինչև 30 տարեկան տղամարդկանց «Մոդեռնայի» փոխարեն «Պֆայզեր» առաջարկելու տարբերակը։ Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը թույլ է տալիս «Մոդեռնայով» պատվաստված 30 տարեկանից ցածր տղամարդկանց երկրորդ դեղաչափը «Պֆայզեր» ստանալ։ 

Այս որոշման համար հիմք են դարձել այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ «Մոդեռնայով» պատվաստվելը երիտասարդների մոտ առաջացնում է սրտամկանի բորբոքում՝ միոկարդիտ։ 

Հավելենք, որ այսպիսի դեպքերը հազվադեպ են և կարող են պատահել նաև «Պֆայզերով» պատվաստավելու դեպքում։ 

Հայկական լրատվամիջոցները մանիպուլյատիվ վերնագրերով էին հրապարակել BBC-ի հոդվածը, որից տպավորություն էր ստեղծվում, թե Ճապոնիան առհասարակ դադարեցրել է «Մոդեռնա» պատվաստանյութի օգտագործումը։ Մինչդեռ պարզվել է, որ երկիրը ետ է ուղարկել պատվաստանյութի միայն 1.63 միլիոն դեղաչափ։

Բացի այդ՝ 1.63 միլիոն դեղաչափ «Մոդեռնայի» օգտագործումը դադարեցնելու որոշումը կայացվել էր օգոստոսի 26-ին, ինչին մի շարք իրադարձություններ են հաջորդել, իսկ հայկական լրատվամիջոցները այս մասին գրել էին հոկտեմբերի 14-ին՝ չնշելով անցկացված հետաքննության և դրա արդյունքների մասին։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել