Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին․ նիստն ընդմիջվեց
13:41 - 26 հոկտեմբերի, 2021

Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին․ նիստն ընդմիջվեց

Քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ասաց, որ Սփյուռքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը վարկաբեկելու քաղաքականություն է տարվում․ «Այ սա ես համարում եմ սրիկայություն։ Ըննդիմության խնդիրն է խոշորացույցի տակ վերցնել իշխանությանը և գտնել ու մատնանշել թերությունները, դա շատ օգտակար աշխատանք է, ես ողջունում եմ, հենց դա ընդդիմության առաքելություններից մեկն է։ Պակաս սրիկայություն չի, որ պաշտոնական պատվիրակությունը լինում է արտասահմանում և այնտեղ ցուցադրվում է արհամարհանք այդ պետության պատվիրակության հանդեպ՝ կազմակերպելով, կներեք այդ բառի համար դեբոշներ։ Սա էլ է սրիկայություն»։

Վիգեն Խաչատրյանի այս ելույթին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է։ Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնցոր քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել»

Մանուկյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով էթիկայի կանոննների մասին։ «Դուք ինչ-որ մեկին մեղադրում էիք Արցախը ուրանալու մեջ, անուն տվեք։

Մանուկյանն էլ ասաց, որ կարող է բառացի մեջբերել Վիգեն Խաչատրյանի խոսքը։ 

«Այսինքն՝ դուք Վիգեն Խաչատրյանին դավաճան ե՞ք համարում»,- ասաց Ռուբիյանը և Գեղամ Մանուկյանի խոսափողը անջատելու ցուցում տվեց։ Ռուբինյանը հորդորեց Մանուկյանին զբաղեցնել իր տեղը։

Մանուկյանը չէր հեռանում ամբիոնի մոտից, ուստի Ռուբինյանի հորդորով նրան ամբիոնի մոտից հեռացրին անվտանգության աշխատակիցները․ նիստն ընդմիջվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել