2022 թ․-ի համար  նախատեսում ենք 7% տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան
10:45 - 25 հոկտեմբերի, 2021

2022 թ․-ի համար նախատեսում ենք 7% տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

2022 թ․-ի համար մենք նախատեսում ենք 7% տնտեսական աճ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022թ․-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չնայած նրան, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվել է  քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունը այսօր գերազանցում է աճի համար 2021 թ․-ի արված բոլոր կանխատեսումները։ Մյուս կողմից՝ կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»։

Փաշինյանը ասաց նաև, որ 2021 թ․-ի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651.141 վճարվող աշխատատեղ։ «Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Նախորդ առավելագույնը գրանցվել է 2020 թ․-ի սեպտեմբերին՝ կազմելով 631.966 աշխատատեղ։ Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է 3%-ով։ Ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4%  գնաճի ֆոնին կարևոր է ընգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել 15.3%-ով կամ 19 միլիարդ 308 միլիոն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 11.9%-ով կամ 23.782 դրամով»։

Վարչապետի խոսքով՝ ավելի քան 20%-ով աճել է արտահանումը։ «Աճել է ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլ պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը։ Շինարարության ծավալները ընթացիկ տարում աճել են 7%-ով, ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել է ավելի քան 5%։ Այս գործոնները 7% տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, մանավանդ, որ արդեն մեկնարկել են և հույս ունեմ՝ հաջողությամբ ավարտին կհասցվեն մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի վերամշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»։

Նա հավելեց, որ 2022 թ․-ի բյուջեի եկամուտները ըստ նախագծի կազմում են 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ, որը 2021 թ․-ի նկատմամբ ավելի է 17%-ով, իսկ 2020թ․-ի նկատմամբ 25%-ով։ Ծախսերը կազմում են 2 տրիլիոն 190 միլարդ դրամ, որը 2021 թ․-ի նկատմամբ ավելի է 10%-ով, 2020 թ․-ի նկատմամբ 16%-ով։ Վարչապետի խոսքով՝ 2022 թ․-ի կապիտալ ծախսերը կազմում են 347 միլիարդ դրամ, որը 2021 թ․-ի նկատմամբ ավել է 55%-ով, 2020 թ․-ի նկատմամբ՝ 53%-ով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել