Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|
23:21 - 21 հոկտեմբերի, 2021

Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը ասել է, որ խաղաղ համակեցությունը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ 

«Ադրբեջանի համար դա կարևոր է այն առումով, որ կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր է նաև Հայաստանի համար․ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ՝ պետք է հարևանների հետ հարաբերություններին տալ ժամանակակից բնույթ, ինչը նախապայմաններ կստեղծի այդ երկրների հետ խաղաղ համակեցության և երկրի տնտեսական զարգացման համար։ Հնարավո՞ր է դա անել․ հնարավո՛ր է»,- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ արյունահեղությունը դադարեցնելու համար․ «Մեր խաղաղապահների շնորհիվ մոտ 50 հազար տեղահանվածներ ի վիճակի են եղել վերադառնալ հայրենիք»։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմերի և ՌԴ-ի մասնակցությունը։

«Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Պետք է պրագմատիկ լինել։ Ինչո՞ւ․․․ որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև։ Ահա այս փաստաթղթերով պետք է սահմանագծում անել։ Դա պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում, հնարավոր է՝ որոշակի փոփոխություններով, որոնք, սակայն, ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել