Տեղահանված արցախցիները ՀՀ ազգային ժողովում բարձրացրին իրեն հուզող խնդիրները |armenpress.am|
13:42 - 21 հոկտեմբերի, 2021

Տեղահանված արցախցիները ՀՀ ազգային ժողովում բարձրացրին իրեն հուզող խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Արցախի 44-օրյա պատերազմի hետևանքով բռնի տեղահանված արցախցիները բարձրացրին իրենց հուզող խնդիրները ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված ՝ տեղահանված արցախցիների հարցով քննարկմանը: 

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ ղեկավար Մերի Դավթյանը նկատեց՝ պետությունն ինչ-որ ձևերով փորձում է լուծել տեղահանված արցախցիների սոցիալական հարցերը: «Մենք էլ հասարակական մակարդակում փորձում ենք ինչ-ինչ ծրագրեր անել, բայց մեզ համար կարևոր է քաղաքական կայունությունն ու որոշակիությունը»,- ասաց նա: 

Դավթյանը շեշտեց՝ կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգ կա հիմա, ինչ ուղղությամբ են տարվում աշխատանքները: «Մենք չգիտենք, թե Արցախի ճանաչման հարցը երբ է նորից մտնելու օրակարգ: Պետք է հասկանանք՝ երբ են մտադիր այդ ուղղությամբ ավելի վճռական քայլեր անելու»,-ասաց նա:

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպության համար սկզբունքային է տեղահանված արցախցիների կարգավիճակի հարցը: «Մեզ համար դա չի կարող լինել փախստականի կարգավիճակ: Կլինի ներքին տեղահանվածի, թե այլ կարգավիճակ՝ չեմ պատկերացնում: Բայց այն, որ մենք հիմա պետք է ունենանք ինչ-որ կարգավիճակ, դա միանշանակ է»,- ասաց նա:

Նա դժգոհեց տեղահանված արցախցիների համար իրականացված սոցիալական ծրագրերից: «Մենք լսում ենք, որ շատ մարդիկ, որոնք արդեն տարիներ շարունակ չեն ապրել նույն Քաշաթաղի շրջանում, կարողացել են շատ ծրագրերից օգտվել, իսկ մարդիկ, որոնք մինչև վերջ ապրել են այդ շրջանում, այսօր չեն կարողանում այդ ծրագրերի շահառու դառնալ»,-ասաց Մովսիսյանը:

Նա շեշտեց՝ այսօր խախտված են տեղահանվածների իրավունքները: «Եթե գոնե մի քանի ամիս առաջ, չեմ ասում հենց պատերազմից հետո, լուծվեր մարդկանց բնակարանային հարցը, այսօր մարդիկ շատ ավելի հանգիստ և շատ ավելի ապահով կզգային իրենց, հանգիստ կաշխատեին և կպահեին իրենց ընտանիքները»,- ասաց ՀԿ ներկայացուցիչը:

Քննարկման մասնակիցներից Աշոտ Հարությունյանն էլ հիշեց ակցիաներին հադրութցիներից լսած խոսքերը. «Հադրութցին ճիշտ է ասում՝ ինձ համար կամ Ստեփանակերտի Աջափնյակը, կամ Երևանի Աջափնյակը, որևէ տարբերություն չկա, ես իմ Հադրութն եմ ուզում»:

Քննարկման մասնակիցները առաջ քաշեցին ևս մի շարք հարցեր:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել